Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համահայկական ձմեռային առաջին խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Կանադայի Մոնրեալ քաղաքի պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Համահայկական խաղերի անցկացումն իսկապես լուրջ խթան է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման հարցում. «Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, և մեր դռները միշտ բաց են մեր բոլոր հայրենակիցների առջև: Նաև հաշվի առնելով, որ Մոնրեալը Երևանի քույր քաղաքներից մեկն է, համոզված ենք, որ տեղի հայ համայնքի անմիջական աջակցությամբ երկու քաղաքների միջև փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու գործնական ընթացք կստանա»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Համահայկական խաղերի Մոնրեալ քաղաքի ատենապետ, Համահայկական համաշխարհային կոմիտեի անդամ Պողոս Փոլքիշյանն, օգտվելով առիթից, Երևանի քաղաքապետին է փոխանցել Մոնրեալի նորընտիր քաղաքապետ Դենի Կոդերի ջերմ ողջույններով նամակը, որում վերջինս հույս է հայտնել, որ առաջին իսկ հնարավորության դեպքում երկու քաղաքապետերը կհանդիպեն ու կքննարկեն երկկողմ կապերի փոխշահավետ զարգացման ու ընդլայնման հեռանկարները:
Շնորհակալություն հայտնելով գործընկերոջ նամակը փոխանցելու համար՝ Տարոն Մարգարյանն իր հերթին հյուրերին է փոխանցել Մոնրեալի քաղաքապետին պաշտոնական այցով Երևանում հյուրընկալելու իր հրավերը՝ երկու քաղաքների միջև հարաբերությունների սերտացման հարցերն առավել հանգամանալի քննարկելու համար:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն