Կանանց միջազգային օրվա և մայրության, գեղեցկության տոնին ընդառաջ մարտի 5-ին Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում տեղի ունեցավ «Գարնանային հավաքածու» խորագրով ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանի Ժողովրդական վարպետ, Արհեստների Մոսկովյան պալատի, Ռուսաստանի նկարիչների միության եւ Նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ Օլգա Հակոբյանի ձեռքի աշխատանքները: Ներկայացված էին թանկարժեք և կիսաթանկարժեք հուլունքներից և թելերից հյուսված վզնոցներ, ապարանջաններ, ականջօղեր, գլխարկներ և այլն:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի խոսքերով սա բացառիկ ցուցահանդես է, քանի որ տեղի է ունենում կանանց տոնին ընդառաջ. «Այսօրինակ ձեռքի աշխատանքները, միանշանակ ողջունելի են, որոնք սովորաբար ավելի բնորոշ են տղամարդուն. Սա ոսկերչության, արծաթագործության բնագավառ է, բայց այն ինչ արված է, շատ յուրօրինակ է և հաճելի է, որ հայ հասարակությունը հնարավորություն ունի ևս մեկ անգամ ծանոթանալու տիկին Հակոբյանի ստեղծագործություններին»:
Տիկին Հակոբյանը իր զարդերը չի նվիրում, իր խոսքերով դա նույնն է ինչ նվիրես սեփական երեխաներիդ: Վարպետի հարևանուհին այն եզակի մարդկանցից էր, ով հնարավորություն է ունեցել իր վրա զգալու բոլոր զարդերը. «մեծ պատիվ եմ ունեցել իր գործերի մեծ մասը կրել իմ վզին: Պատրաստելուց հետո միշտ բերում և փորձարկում է ինձ վրա: Գեղեցիկ են, յուրօրինակ: Ասեմ նաև, որ իր գործերը չի նվիրում ոչ մեկին: «Ես իմ երեխաներին չեմ նվիրում» այսպես է ասում» մեջբերեց հարևանուհին:
Կարդացեք նաև
Տիկին Հակոբյանի խոսքերով չկա որևէ գործ, որը կարող է առանձնացնել, իր բոլոր աշխատանքները սիրում է «սիրում եմ իմ բոլոր աշխատանքները, հենց այդ պատճառով էլ չեմ վաճառում: Ինձ ոգեշնչում է այն փաստը, որ միշտ սիրել եմ ձեռքի աշխատանք: Ունեմ նաև մաքրամեով աշխատանքներ՝ սփռոցներ, շալեր»:
Ցուցահանդեսին ներկա էր նաև Մանկական ստեղծագործական թանգարանի տնօրեն Լևոն Իգիթյանը: Իր խոսքերով սա շատ լավ հնարավորություն է գնահատելու ձեռքի աշխատանքները և սովորել արժեքները գնահատել. «Այժմ մենք դադարել ենք իրար տեսնել, իրար արժևորել, էլ չեմ ասում փորձում ենք մոռանալ հին արժեքները: Երբ եկա այստեղ տեսա, որ տեսնելու բան կա: Մեկ օրն ինձ բավական չէ, ես դեռ 2 օր պետք է գամ: Ես ինձ համար նոր արվեստագետ բացահայտեցի» ասաց պրն Իգիթյանը:
Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ