Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 55 տարեկան. (Ֆոտոշար, տեսանյութ)

Մարտ 05,2014 18:35

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55 ամյակի առթիվ այսօր Եռաբլուրը կրկին բազմամարդ էր՝ հավաքվել էին նրա ընկերներն ու զինակիցները,  տարբեր տրամաչափի պաշտոնյաներ՝ սկսած վարչապետից, երկրապահներ, զոհված ազատամարտիկների հարազատներ եւ նորաթուխ երկրապահներ, հանձին՝ Երեւանի քաղաքապետի, Սյունիքի նախկին մարզպետի եւ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, ՀՀԿ-ական պատգամավորներ եւ երկու ՕԵԿ-ական նախարար՝ գյուղատնտեսության եւ քաղաքաշինության, որոնք սակայն Սպարապետին հիշատակի տուրք մատուցելուց հետո հեռացան, չմնացին «պատանի երկրապահների» երդումն ու ցուցադրական ելույթները նայելու: Եռաբլուրը շուտ լքեցին նաեւ ՀՀԿ խմբակցության ՄԻԱԿ-ները՝ Լեւոն Մարտիրոսյանն ու Նաիրա Կարապետյանը: Իսկ երիտՀՀԿ-ականներ Հովհաննես Սահակյանն ու Սամվել Ֆարմանյանը համբերատար սպասեցին:

PrevPhoto
NextPhoto

Եռաբլուրում չէր Գրետա մայրիկը՝ Սպարապետի մայրը:  Իր խոսքում Երկրապահ կամավորականների միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանն ասաց, որ Գրետա մայրիկը հիվանդանոցում է եւ շուտափույթ ապաքինում մաղթեց նրան:

Սպարապետին հիշատակի տուրք մատուցելուց հետո կայացավ պատանի երկրապահների երդման արարողություն:

Այնուհետեւ ելույթ ունեցավ պաշտպանության նախարարը, ով ասաց, որ երկրապահներն ու բանակի անձնակազմը միասին են, եւ բանակի պատրաստվածության եւ երկրապահի փորձառության շնորհիվ է հնարավոր հասնել հաջողության:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ չունեցավ: Չխոսեց նաեւ Երեւանի քաղաքապետը: Փոխարենը հայրենասիրական ճառով հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ով լայն հասարակությանը հայտնի դարձավ պատմության բուհական դասագրքերում նորագույն ժամանակների պատմության յուրովի մեկնաբանությամբ, մասնավորապես՝ Մարտի 1-ի իրադարձությունների իշխանական քարոզչության վերարտադրմամբ: Հիշատակի խոսք ասացին նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մի սան, մի պատանի երկրապահ, ապագա զինվորի մի մայր եւ իհարկե՝ Վազգեն Սարգսյանի մարտական ընկերներից:

Ապա տարբեր շրջանների պատանի երկրապահները ցուցադրեցին իրենց հմտությունները: Երբ հայտարարվեց, որ ելույթ է ունենում պատանի երկրապահների «Մալաթիա» խումբը, գեներալ Մանվելը գոչեց՝ կեցցես, Սամվել Ալեքսանյան…

Երբ արդեն միջոցառումն ավարտված էր եւ պաշտոնյաները հեռանում էին, պաշտպանության նախարարը պատասխանեց ոչ միայն լրագրողների մի քանի հարցերին, այլեւ լսեց զոհված ազատամարտիկների ու զինվորների ծնողներից մի քանիսի խնդիրները, ինչպես նաեւ մի քանի րոպե զրուցեց Սյունիքի նախկին մարզպետի հետ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31