Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը պարզաբանելով տարածված այն տեղեկությունները, թե թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը հրաժարական է ներկայացրել՝ ասաց. «Թատրոնում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել. Նիկոլայ Ծատուրյանը երկար ժամանակ հայտարարում էր, որ ինքը պատրաստում է թատրոնի վաղվա օրվա գեղարվեստական ղեկավարի, իր տեղը զբաղեցնողի: Նա թատրոնի տնօրենին խնդրել է կատարել կառուցվածքային փոփոխություն և նրա առաջարկով թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվել Լյուդվիգ Հարությունյանը: Նիկոլայ Ծատուրյանը թատրոնում կաշխատի որպես գեղարվեստական խորհրդատու, այն ստեղծագործական, ազատ ռեժիմով աշխատանք է: Այս պաշտոնը խորթ չէ Նիկոլայ Ծատուրյանի համար, քանի որ նա տարիներ առաջ, 3 տարի շարունակ աշխատել է գեղարվեստական խորհրդատու: Ոչ թատրոնի համար են անակնկալ այս փոփոխությունները, ոչ էլ հասարակության:
Ամեն ինչ կատարվել է Նիկոլայ Ծատուրյանի առաջարկով: Փառք Աստծո նա թատրոնից չի հեռանում. իր թատրոնն է: Ասեմ, որ նույնիսկ նոր դիմում գրելու անհրաժեշտություն չի եղել, այլ փոփոխություններ են կատարվել Նիկոլայ Ծատուրյանի պայմանագրում»:
Այս թեմայով Նիկոլայ Ծատուրյանը մամուլի ասուլիս կտա վաղը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ