«Գյուղատնտեսական մթերքների արտադրության բոլոր տեսակների գծով բուսաբուծության ոլորտում զգալի աճ է նկատվել: Ավելացել են համախառն ներքին ծավալները և աճը կազմել է 6.6 տոկոս: 2013 թ.-ին գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 318 հազար 60 հեկտար»,- այսօր «Արմենպրես»-ի մամուլի ակումբում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը և ավելացրեց. «Յուրաքանչյուր տարվա կայուն և բարձր բերքի արժեքները ձևավորվում են նախորդ տարվա աշնանն իրականացված աշխատանքներով: Դեռ 2011թ.-ից գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները հանրապետության բոլոր մարզպետարաններում շահագրգիռ մարմինների մասնակցությամբ քննարկում են հողերի նպատակային և արդյունավետ օգտագործման, օգտագործողներին անհրաժեշտ աշնանացանի և գարնանացանի համար սերմացուների պահանջարկի, պարարտանյութերի, դիզվառելանյութի, տեխնիկայի և սուբսիդավորված վարկերի հաշվարկման և դրանց գործընթացներն իրականացնելու վերաբերյալ թեմաները: 2014 թ.-ի համար կառավարության կողմից ընդունվել է որոշում հողօգտագործողների համար գարնանացանին անհրաժեշտ սերմացուների պահանջարկն ապահովելու ծրագիր, որով նախատեսված է ներկրել 2510 տոննա մշակաբույսերի սերմացուներ: Ներկրման աշխատանքները վաղուց սկսվել են և շարունակվում են:
Գարնանացանի համար ամբողջ տարվա ընթացքում առաջարկվեց ներկրել ազոտական պարարտանյութ և հանրապետությունում առաջին անգամ ծրագիր ներկայացվեց ներկրելու ֆոսֆորական և կալիումական: Մեկ 50 կգ ազոտական պարարտանյութի պարկը համայնքներում հողօգտագործողներին կհատկացվի 6000 դրամով, մեկ 50 կգ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերը նրանց կհատկացվի 7000 դրամով»:
Ասուլիսին ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Գառնիկ Պետրոսյանը, Ռոբերտ Մակարյանն ու Արմեն Հարությունյանը:
«Անցած ամիս ՀՀ վարչապետի մոտ հրավիրվեց խորհրդատվություն պտուղ-բանջարեղեն վերամշակող կազմակերպությունների մասնակցությամբ, և քննարկվեց 2 կարևոր հարց: Առաջինը անցած տարում հիմնադրված պտուղ-բանջարեղեն վերամշակողների և հյութ արտադրողների միության թեման էր, որը ակտիվորեն աշխատում է: Մենք շարունակելու ենք աշխատանքները, սպասվում են նաև նորամուծություններ: Եվ երկրորդը տոնավաճառների տեղակայումն է: Հուլիս ամսից կսկսեն գործել նոր 2 տոնավաճառներ: Եթե լինի պահանջարկ, կավելացվեն նաև ուրիշ վարչական շրջաններում»,-ասաց Ռոբերտ Մակարյանը:
Կարդացեք նաև
Արմեն Հարությունյանը խոսեց գյուղնախարարության միջազգային կազմակերպությունների հետ կապերի և երկկողմ հարաբերությունների մասին.
«ՀՀ գյուղատնտեսության համար առաջնահերթ է համագործակցությունը ՄԱԿ-ի հետ, որի հետ իրականացվում են մի շարք ծրագրեր: Մեծ գործընկեր է նաև Եվրամիությունը, որի հիմքում դրված է ենթակառույցային զարգացումը, մարդկային կապիտալի զարգացումը և օրենսդրական դաշտի բարելավումը: Նաև աշխատում ենք Ավստրիայի և Շվեյցարիայի զարգացման գործակալությունների հետ»:
Վերջում Գառնիկ Պետրոսյանը խոսեց գյուղատնտեսության ոլորտում առկա մեկ այլ կարևոր ոլորտի մասին. «Գյուղատնտեսության ոլորտում արձանագրված առաջընթացում կարևոր դերակատարություն ունի նաև գյուղատնտեսական խորհրդատվության համակարգի գործունեությունը: Խորհրդատվությունը իրականացվում է գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի և հանրապետության բոլոր մարզերում գործող մարզային կենտրոնների կողմից: Չնայած ցավով պետք է նշեմ, որ դեռևս այս ոլորտում մեզ չի հաջողվել լուրջ արդյունքների հասնել: Խորհրդատվությունները ոչ միշտ են պատշաճ մակարդակով իրականացվում և ոչ միշտ է, որ բավարարում է այսօրվա պահանջները»:
Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ