Մարտի 4-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Քանաքեռ-Զեյթունի, Հրազդանի բաժինների և ՀՀ ԱՆ ՔԿ վարչության ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, իրացնելու և գործածելու կասկածանքով, Ազատության պողոտայի, Պարույր Սևակի և Թբիլիսյան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Գուլիա Դ.-ն:
Խուզարկությամբ նրա դրամապանակում հայտնաբերվել է «Սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող 5 հաբ և նույն հաբի 3 կտոր, որոնք, ըստ նրա հայտարարության, իր ամուսին` ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ դատապարտյալ, 1980 թ. ծնված Ալեքսանդր Վ.-ի խնդրանքով Թբիլիսյան խճուղում իրեն է փոխանցել «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը:
Նույն օրը Երևան-Սևան մայրուղու 39-րդ կմ-ում գտնվող նախկին ՃՈ անշարժ հենակետի մոտից, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Իշխան Մ.-ն, իսկ ժամը 20.00-ին նշված վայրից` 1957 թ. ծնված Խաչատուր Մ.-ն` իր «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով: Վերջինս մինչև բաժին բերման ենթարկվելը` ավտոմեքենայի պատուհանից դուրս է նետել մի քանի փաթեթ:
Նշված վայրից հայտնաբերված 4 փաթեթների մեջ առկա են եղել 1.2 գ և 1.3 գ մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածներ, ծխախոտի փայլաթղթի մեջ փաթեթավորված «Սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող դեղահաբ և դեղահաբի 2 կտոր:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն