Այս պահին ընդդեմ Պուտինի՝ Ուկրաինայի նկատմամբ վարած քաղաքականության պայքարող քաղաքացիները գտնվում են ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի վարչական շենքի բակում և ցանկանում են տեղեկություն ստանալ իրենց ցուցարար ընկերների մասին, որոնք բերման էին ենթարկվել ՌԴ դեսպանատան մոտից:
Այժմ ճանապարհի կեսը փակել են շուրջ 30-40 ոստիկաններ, իսկ ցուցարարները շուրջ տասը հոգի են: Ցուցարարների հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ են բերման ենթարկել իրենց ընկերներին, ոստիկանները հորդորում են դիմել լրատվական ծառայություն:
Այս պահին ցուցարարները խնդրանքով դիմել են ոստիկաններին, որպեսզի իրենցից մեկ ներկայացուցիչ բարձրանա կենտրոնի բաժին՝ տեղեկատվություն ստանալու համար, քանի որ նրանք ընկերներից ոչ մի տեղեկություն չունեն:
Հիշեցնենք, որ ՌԴ դեսպանատան մոտից առանց որևէ հստակ հիմնավորման ոստիկանները բերման էին ենթարկել Տիգրան Պարսիլյանին, , Լալա Ասլիկյանին, հետո Անտոն Իվչենկոյին, Էդուարդ Մկրտչյանին:
Կարդացեք նաև
Քիչ առաջ բաց թողեցին Տիգրան Պարսիլյանին: Նա նշեց, որ իրեն խուզարկել են և ոստիկանի օրինական պահանջը չկատարելու վերաբերյալ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն մեղադրանք են առաջադրվել, որը ենթադրում է նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով տուգանք:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ