Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Պուտինը փորձելու է փրկել դեմքը»

Մարտ 05,2014 15:30

Ըստ Շահնազարյանի` առաջիկա զարգացումներում որոշիչ է լինելու Արեւմուտքի համախմբվածությունն ու դիրքորոշման սկզբունքայնությունը

Երեկ` մարտի 4-ին, «Մեդիա կենտրոնում» ուկրաինական զարգացումներին նվիրված քննարկման ընթացքում 1994-1995թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-1995թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը տեսակետ էր հայտնել. «Ռուսաստանը մարտահրավեր է նետել ոչ միայն միջազգային հանրությանը, այլեւ գոյություն ունեցող աշխարհակարգին։ Ռուսաստանը փորձում է թելադրել իր կանոնները: Հետեւանքները, ակնհայտ է, որ լինելու են շատ ծանր եւ ռազմավարական առումով Ռուսաստանի համար կործանարար։ Այն արձագանքը, որ ցուցաբերում է Արեւմուտքը, աննախադեպ է վերջին տարիների համար։ Բավարար է, թե չէ, ինձ թվում է՝ առաջիկա 72 ժամվա ընթացքում պարզ կլինի»։

Սակայն երեկ, ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդում քննարկումից, Արեւմուտքի կողմից` Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման աննախադեպ սպառնալիքի տարափից հետո, ինչպես նաեւ Ռուսաստանի նախագահի մամլո ասուլիսում հնչեցրած գնահատականներից տպավորություն ստեղծվեց, որ Արեւմուտքն ու Ռուսաստանը, այնուամենայնիվ, որոշակի պայմանավորվածությունների են փորձում հանգել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պուտինը հայտարարեց. «Ուկրաինա ռուսական զորքեր մտցնելու անհրաժեշտություն չկա»:

«Aravot.am»-ի դիտարկմանը, թե արդյո՞ք Ռուսաստանն ու Արեւմուտքը ընդհանուր հայտարարի կգան, Դավիթ Շահնազարյանը նշեց. «Երեկ առավոտյան Պուտինը կտրուկ դադարեցրեց ռուսական զինված ուժերի լայնամասշտաբ զինավարժությունները եւ հրաման տվեց զորքերին հետ քաշվել զորանոցներ, որից հետո հանդես եկավ մամլո ասուլիսով: Եթե հանեք պրոպագանդիստական եւ Ռուսաստանի լսարանին ուղղված հռետորաբանությունը, ապա կարող ենք արձանագրել, որ երեկ Վլադիմիր Պուտինն Արեւմուտքին եւ Ուկրաինայի իշխանություններին, ըստ էության, հետեւյալ ակնարկները հղեց`

– Ուկրաինայի արեւելյան տարածքներում ՌԴ ներխուժման որեւէ բացառում,

– Ղրիմում ռուսական զորքերի թվաքանակի ավելացման բացառում,

– Ռուսաստանը կհարգի 1994թ. Բուդապեշտի մեմորանդումը, որի համաձայն` Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի,

– Ռուսաստանը արդեն սկսել է եւ կաշխատի Ուկրաինայի գործող իշխանությունների հետ,

– Մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք ընտրությունների արդյունքները Ռուսաստանը կընդունի,

– ՌԴ-ի Սեւծովյան նավատորմի Սեւաստոպոլի բազան պետք է պահպանվի»:

Դավիթ Շահնազարյանի կարծիքով`Արեւմուտքի, ինչպես նաեւ Ուկրաինայի ներկայիս իշխանությունների կողմից Պուտինի վերոհիշյալ ակնարկները գուցե քննարկվեն, եթե դրանք ներկայացվեն (գուցե արդեն ներկայացվել են) հրապարակային կամ ոչ հրապարակային ձեւաչափով` որպես առաջարկներ:

«Պուտինի այս գլոբալ արկածախնդրությունը մարտահրավեր էր արեւմտյան քաղաքակրթությանը», նկատեց Դավիթ Շահնազարյանը, հավելելով, որ Պուտինը գիտակցել է, որ իր աշխարհաքաղաքական գլոբալ արկածախնդությամբ պարտվել է եւ հիմա փորձելու է դեմքը փրկել:

«Պուտինը, մասնավորապես փորձելու է բանակցել, հասնել Ղրիմի ինքնավարության աստիճանի որոշակի բարձրացման, փորձելու է հասնել նաեւ Ուկրաինայում նոր Սահմանադրության ընդունման, որպեսզի ըստ այդ սահմանադրության` Ուկրաինայի մարզերը ստանան ավելի մեծ ինքնավարություն, մարզերում նահանգապետեր ընտրվեն ուղղակի ընտրություններով, ինչը նա կփորձի ներկայացնել որպես Ուկրաինայի ֆեդերալիզացիա: Իր այս նպատակները Պուտինը պետք է փորձի կապել Ղրիմը օկուպացրած ռուսական զորքերի աստիճանաբար դուրսբերմամբ», ասաց Դավիթ Շահնազարյանը:

Ամփոփելով ուկրաինական վերջին զարգացումները Դավիթ Շահնազարյանը հավելեց. «Լարվածությունը, կարծես, փոքր-ինչ նվազել է, բայց ոչինչ դեռեւս չի կարելի բացառել եւ հավանական են նաեւ նոր սրացումները: Ամեն ինչ կախված է լինելու Արեւմուտքի համախմբվածությունից եւ դիրքորոշման սկզբունքայնությունից: Սակայն, անկախ ամեն ինչից, ակնհայտ է, որ Ռուսաստանի համար հետեւանքները բավական ծանր են լինելու` Ռուսաստանի իմիջի կորուստ, որն արդեն անհերքելի փաստ է, միջազգային մեկուսացման վտանգ, որոշակի պատժամիջոցների կիրառում Արեւմուտքի կողմից, ինչպես նաեւ G8-ի առկախված անդամություն, եւ որ ամենակարեւորն է` Պուտինի եւ իր վարչակազմի իմիջի տապալում, քաղաքական եւ տնտեսական լրջագույն խնդիրներ` երկրի ներսում»:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31