Փետրվարի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում «Հզոր ապագա» կուսակցության նախագահ Արկադի Կիրակոսյանը հայտարարեց՝ Մաքսային միությանն անդամակցությունը կնպաստի նրան, որ 2014-2020թթ. Հայաստանի յուրաքանչյուր մարզում նոր աշխատատեղեր ստեղծվեն:
Պրն. Կիրակոսյանը ասաց, որ մոտ օրերս ծրագիրը պաշտոնապես կհրապարակվի. «Հիմնականում աշխատատեղերի շուկան բացելը ռուսական ներդրումների հաշվին է լինելու, որը բաղկացած է լինելու հիմնականում ծառայությունների, սպասարկումների ոլորտից. տուրիզմի ներգրավում, շինարարական աշխատանքներ, ընդհուպ մինչեւ վայրի հատապտուղների վերամշակման գործարանի ստեղծում եւ արտահանում: Նախատեսված է բոլոր մարզերում ստեղծել մարզային կյանքի ակտիվացում, մարզային կտրվածքով՝ մարզային աշխատատեղերի ապահովում: Իսկ Երեւան քաղաքում հիմնականում նախատեսվում է ծառայությունների եւ սպասարկումների ոլորտների հիմնում եւ զարգացում, տուրիզմի ներգրավումը, որը նախատեսում է շատ կարճ ժամանակահատվածում համագործակցել տարբեր կինոընկերությունների հետ եւ Հայաստանի մասին նկարահանելով ֆիլմ՝ տարածել արտասահմանյան երկրներում՝ դրա հաշվին ներգրավել տուրիստական հոսքեր»:
«Ինչ մնում է աշխատատեղերին՝ կուսակցության հետ կապ չունի. կարող են հայտագրվել եւ աշխատել բոլոր ցանկացողները: Դա աշխատանք է Հայաստանի բնակչության համար: Արդեն խիստ կուսակցականացված աշխատատեղերը հասնում են աբսուրդի»,- հավելեց Արկադի Կիրակոսյանը:
Ներդրումներն արվում են Ռուսաստանում ապրող հայերի կողմից, որոնք, ինչպես նշում է պրն.Կիրակոսյանը, «չեն էլ ցանկանում իրենց անունները ընդհանրապես հրապարակել»: Պրն.Կիրակոսյանի խոսքերով, ինքն անձամբ է համագործակցել ներդրողների հետ, եւ նրանք համաձայնվել են ներդրումներ կատարել եւ վերադառնալ Հայաստան. «Նրանք կգան Հայաստան, կսկսենք աշխատատեղերի հիմնումը: Այս պահի դրությամբ արդեն նախապատրաստական աշխատանքները գնում են Տավուշի եւ Սյունիքի մարզի կտրվածքով. պիտի այնտեղ ստեղծվեն վայրի հատապտուղների վերամշակման գործարաններ»:
Կարդացեք նաև
Ըստ Ա.Կիրակոսյանի, ՄՄ-ին անդամակցությունը հնարավորություններ է ընձեռում, որ Հայաստանում արտադրվող ապրանքները ավելի հեշտ պայմաններում արտահանվեն:
Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ