Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Ափյան. «Հասարակությունը սկսում է հասկանալ, որ յուրաքանչյուրիս օգնությամբ կարելի է փրկել բազմաթիվ կյանքեր»

Մարտ 05,2014 14:15

Այսօր՝ մարտի 5-ին, Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում «Ապրենք օգնելով» ծրագրի շրջանակներում կամավոր արյուն հանձնեցին Երևանի Վ..Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները: Ակցիան անցկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհուրդը:

«Ծրագիրը մեկնարկել է 5 տարի առաջ: Մեր նպատակն է երեխաների խնդիրների վրա հրավիրել այն մարդկանց ուշադրությունը, որոնք անտարբեր չեն ուրիշի ցավի նկատմամբ: Ի ուրախություն բոլորիս՝ պետք է արձանագրենք, որ տարեցտարի կամավորների թիվն ավելանում է: Հասարակությունը սկսում է հասկանալ, որ յուրաքանչյուրիս օգնությամբ կարելի է փրկել բազմաթիվ կյանքեր»,- ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության քարտուղար, ԵՊԼՀ հնչյունաբանության և քերականության ամբիոնի դասախոս Հասմիկ Ափյանը:

Զրուցեցինք նաև կամավորների հետ: «Սա արդեն երկրորդ տարին է, որ մասնակցում ենք արյունատվական ակցիային: Մենք օգնում ենք քաղցկեղով հիվանդ երեխաներին: Արյունատվությունը նաև օգտակար է առողջությանը»,- ասաց ԵՊԼՀ-ի ուսանողուհի Ինեսա Ներսիսյանը:

«Առաջին անգամ եմ դառնում դոնոր: Ակցիայի մասին տեղեկացել եմ ուսխորհրդից: Միանգամից որոշեցի, որ պիտի մասնակցեմ»,- ասաց արդեն արյուն հանձնած ուսանողուհի Արաքսյա Հովվյանը:

«Այս տարի, իմ ուրախություն մեզ, երիտասարդները բուռն արձագանքեցին: Մոտ 100 ուսանող մասնակցում են արյունատվությանը»,- ասաց ԵՊԼՀ ուսխորհրդի բարեգործական հանձնաժողովի նախագահ Տաթևիկ Թովմասյանը:

Նշենք, որ արյան դոնոր դառնալու համար գոյություն ունեն որոշակի չափանիշներ: Եվ եղան ուսանողներ, որոնք եկել էին արյուն հանձնելու, սակայն չէին համապատասխանել պահանջներին:

Ակցիայի ընթացքում նաև զրուցեցինք Արյան ծառայության գծով փոխտնօրեն բժշկուհի Մարինե Քամալյանի հետ: «Համալսարաններից ակտիվ են մանկավարժականը, լեզվաբանականը, պետականը, բժշկականը: Մենք բժշկական համալսարանի ուսանողներին քարոզում ենք, որ իրենք պարտավոր են արյուն հանձնել, և հասկանալ, որ այդ արյունը հետագայում իրենք են կիրառելու»,- ասաց բժշկուհին: Նա ասաց, որ արյուն վերցնում են հատուկ պարկերով, որոնք բաղկացած են գլխավոր պարկից և կցորդ պարկերից: Գլխավոր պարկում կա 100 մլ հակամակարդիչ լուծույթ: Կամավորներից վերցնում են 350-400 մլ արյուն: «Մեզ մոտ 4380 արյունատվությունից միայն 163-ն են եղել կամավոր: Կամավորների 80%-ը ուսանողներ են: Նրանք ավելի շուտ են հասկանում, երբ բացատրում ես, երբ տանում ես հիվանդասենյակներ երեխաների մոտ»,- ասաց բժշկուհին: Նա նաև նշեց, որ անցած տարի 2 ամսվա մեջ ունեցել են 22 կամավոր դոնորներ, իսկ այս տարի՝ 85:

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31