Կանաց տոնի մեկամսյակի առիթով կանայք կարող են մարտի 8-ից ապրիլի 7-ը անվճար բուժսպասարկում անցնել մայրաքաղաքի հիվանդանոցներում: Առողջական խնդիրներ ունեցող կանայք պետք է դիմեն տեղամասային պոլիկլինիկաներ եւ եթե տեղամասային թերապեւտը գտնի, որ կինն ունի խնդիրներ, կուղեգրի բուժհիմնարկներ՝ անվճար հետազոտվելու եւ անհրաժեշտության դեպքում՝ վիրահատվելու: Այսօր այս մասին քաղաքապետարանում ասաց Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը: Aravot.am-ի հարցին, թե կինը կարո՞ղ է ընտրել, թե որ հիվանդանոցում անցնի հետազոտությունը կամ բուժումը, պարոն Բաբինյանն ասաց, որ եթե չպահանջվի, որ կոնկրետ պրոֆիլով պետք է բուժվի, ապա կարող է բուժհիմնարկը կնոջ ընտրությամբ լինի:
Վարչության պետն ասաց, որ մի շարք հիվանդությունների գծով կարող են բուժօգնություն ստանալ՝ բացառությամբ դժվարամատչելի հետազոտությունների՝ սրտի վիրահատության եւ այլ հիվանդությունների: Օնկոլոգիական խնդիրներով կանայք նույնպես կարող են դիմել: Պարոն Բաբինյանը նաեւ ասաց, որ այս տարի քաղաքապետարանը համակարգչային տոմոգրաֆիայի սարք է ձեռք բերել, որպեսզի կանայք կարողանան այդ դժվարամատչելի հետազոտությունը, որը թանկ արժե, նույնպես անցնել:
Կանայք մարտի 10-ից սկսած արդեն կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկաներ:
Անցյալ տարի Երեւանի քաղաքապետարանը նման երկու ակցիա է արել: Մեկը կրկին կանանց տոնի առիթով, մյուսը՝ ամռանը: Անվճար հետազոտվել է 9800 քաղաքացի, որից 470 քաղաքացին անվճար վիրահատվել է: Կամսար Բաբինյանը նաեւ հայտնեց, որ ակցիային կմասնակցեն բոլոր հիվանդանոցները:
Կարդացեք նաև
Ակցիան կազմակերպել է Երեւանի քաղաքապետարանը՝ առողջապահության նախարարության հետ համատեղ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ