Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Ավագյան. «Հայաստանում անպտղության քանակը կրկնակի նվազել է»

Մարտ 05,2014 13:41

Առողջապահության նախարարության մայրության եւ վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ներկայացնում էր Հայաստանում կանանց առողջության վերաբերյալ խնդիրները:

Նրա պնդմամբ, վերջին տարիներին մեծացել է կանանց եւ երեխաների առողջության պահպանմանն ուղղված նպատակային ծրագրերի քանակը. «Կարեւորելով պոտենցիալ մայրերի առողջությունը՝ Հայաստանը եզակի երկրներից է, որտեղ իրականացվում է 15 տարեկան աղջիկների համալիր հետազոտություն, առողջական վիճակի գնահատում, շեղումների, ախտաբանությունների վաղ հայտնաբերում եւ վերացում: Այսինքն, մենք այդ աղջիկներին պատրաստում ենք առողջ մայրության»:

Տիկին Ավագյանի խոսքերով, այս ծրագիրը 15 տարեկան տղաների վրա նույնպես տարածվում է. «Մենք գիտակցում ենք, որ առանց առողջ տղամարդու հնարավոր չէ ունենալ առողջ ընտանիք: Հետեւաբար, աղջիկների ստուգման ծրագրին զուգահեռ, 15 տարեկան տղաների շրջանում, նույնպես, կատարվում է զանգվածային ուսումնասիրություն»:

Գայանե Ավագյանը վստահեցնում է, որ այս քայլը ուղղված է անպտղության հաճախականության իջեցմանը Հայաստանում:

Նրա խոսքերով՝ Հայաստանում 3 անգամ կատարվել են լայնածավալ հետազոտություններ՝ հայտնաբերելու համար անպտղության հաճախականությունը կանանց եւ տղամարդկանց շրջանում: «Եթե 90-ական թվականներին այն եղել 24 տոկոս, 2000 թվականին անպտղության հաճախականությունը դարձավ աննախադեպ բարձր՝ 31,8 տոկոս»:

Մշակվեցին մի շարք միջոցառումներ՝ անպտղության հաճախականությունը նվազեցնելու համար. «Այն կանխելու համար՝միջոցառումներ ձեռնարկեցինք՝ ընդդեմ հղիության արհեստական ընդհատումների, բարձրացվեց կանանց տեղեկացվածությունը ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցների նկատմամբ: Կարեւոր քայլեր ձեռնարկվեցին անվտանգ սեռական վարքագծի ձեւավորման համար: Շնորհիվ այս ամենի, 2010 թվականին անպտղությունը կազմում էր 16,8 տոկոս է՝ այսինքն կրկնակի նվազել է» :

Համաձայն տիկին Ավագյանի նշած տվյալների՝ Հայաստանում նվազել է նաեւ հղիության արհեստական ընդհատման քանակը. «Եթե մի քանի տարի առաջ 1 ծննդին բաժին էր հասնում 1 արհեստական ընդհատում, ապա ընդհատման քանակը բավականին նվազել է, եւ ներկայումս 6 ծննդին բաժին է հասնում 1 արհեստական ընդհատում»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31