Այսօր «Ֆորում» ակումբում «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի կողմից արված հայտարարությանը, որում առաջին նախագահը Գագիկ Ծառուկյանին համեմատում է Իվանաշվիլու հետ, ասաց, որ ԲՀԿ-ի եւ «Վրացական երազանքի» միջեւ համեմատությունը տեղին չէ, քանի որ նրանք բացարձակ տարբեր են. «Սա առաջին նախագահի տեսակետն է, եւ որքան էլ ես համակարծիք չլինեմ, թե ինչ է մտածում նա Գագիկ Ծառուկյանի մասին, դա երկրորդական խնդիր եմ համարում` դա Լեւոն Տեր-Պետրոսյանի խնդիրն է»:
Ստյոպա Սաֆարյանը մեկնաբանեց նաեւ «Ժառանգության» վերաբերյալ Վարդան Օսկանյանի կողմից արված արտահայտությունը, որն իրեն զայրացրել էր ու քննադատության առիթ դարձել նաեւ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջում:
Խոսքը Վարդան Օսկանյանի այն գրառման մասին է, որում «Ժառանգություն» կուսակցությանը նախկին արտգործնախարարը անվանում է խորհրդարանական ոչ իշխանական ուժ: Այս առիթով Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ իրենց հասցեին արված «ոչ իշխանական» որակումը միտումնավոր շրջանառության մեջ դրված եւ արդեն պաշտոնականացված «եզրույթ» է, ու դա միանգամայն բխում է ԲՀԿ-ի շահերից, որովհետեւ այդպես էլ նրանց չհաջողվեց ինքնահռչակվել իբրեւ «ընդդիմադիր»: «Ոչ իշխանականը դուք եք, «Ժառանգությունը» ընդդիմադիր քաղաքական ուժ է, եւ եթե ԲՀԿ-ն այլընտրանքային է, մենք նրանց այդպես էլ ներկայացնում ենք, ու թույլ չենք տա, որ մեզ անվանեն «ոչ իշխանական»: ԲՀԿ-ի մոտ ինչ-որ մի բան քաղաքագիտորեն պակաս է, ավելի ճիշտ՝ պակաս է ընդդիմադիրի կեցվածքը ու ամենեւին էլ պարտադիր չէ սուր հայհոյող լինել, որպեսզի դառնալ ընդդիմադիր»,- հավելեց Ստյոպա Սաֆարյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ