Ուկրաինայում լրագրողները փաստաթղթեր են հրապարակել, որոնք ցույց են տալիս, որ երկրի անվտանգության ծառայությունը հետևում էր սոցիալական կայքերի գրառումներին, մեկնաբանություններին: Հայտնում է «ԱԻՆ» լրատվականը:
Փաստաթղթերը հրապարակել է Yanukovychleaks.org լրագրողական խումբը: Դրանցում երևում է, որ անվտանգության ծառայության ղեկավար Կոնստանտին Կոբզարը ամեն օր երկրի ԶԼՄ-ների մասին հաշվետվություն էր ստանում, վերահսկվում էր սոցիալական ցանցերի մեկնաբանությունները ու նրան ներկայացվում սպառնալիքները:
Փաստաթղթերի հետ աշխատող լրագրողներից մեկը պնդել է, որ դրանց մեջ տեսել է նաև Ֆեյսբուք սոցիալական կայքին վերաբերող նման օրինակներ:
Yanukovychleaks.org (Յանուկովիչի արտահոսք) խումբը ձևավորվել է, երբ փետրվարի 22-ին նախագահի Մեժիգորիեի առանձնատան ջրամբարից հանվել է փաստաթղթերով լի 22 թղթապանակ, որը Յանուկովիչի հավատարիմ մարդկանցից մեկը փորձել է ոչնչացնել: Լրագրողներն ու կամավորներն այդ փաստաթղթերը չորացնում, դասակարգում և ներկայացնում են հանրությանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ