Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը իրեն վիրավորելու, զրպարտելու համար դատի է տվել «Ծածկած շուկայի» սեփականատեր Սամվել Ալեքսանյանին եւ շուկայի տնօրեն Վարդան Մկրտչյանին:
Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Եղնուկյանի հայցով նախնական նիստն էր, ինչը հետաձգվեց պատասխանող կողմի չներկայանալու պատճառով: Դատավորն ասաց, որ Վարդան Մկրտչյանի ծանուցագիրը նրա բնակության հասցեից հետ է եկել թերի հասցե նշումով:
Վարդան Մկրտչյանին ծանուցագիր էր ուղարկվել նաեւ «Ծածկած շուկայի» հասցեով, ինչը պատշաճ կերպով ընդունվել է: Պատշաճ ծանուցում էր ստացել նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ ասաց, որ հաջորդ նիստին ինքը կփորձի դատարան ներկայացնել ապացույցներ՝ պատասխանող կողմի՝ Վարդան Մկրտչյանի՝ «Ծածկած շուկայի» տնօրեն լինելու վերաբերյալ: Ինչը կապացուցի, որ Մկրտչյանը դատական նիստի մասին պատշաճ ծանուցվել էր:
Կարդացեք նաև
Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 22-ին:
Պարոն Եղնուկյանը դատական նիստերի խոչընդոտում է համարում պատասխանող կողմերի չներկայանալը. «Այն, որ երեքից երկուսը ծանուցված էին ու չեն ներկայացել, ինձ հուշում է, որ փորձում են խոչընդոտել: Որովհետեւ կարող էին այսօր ներկայանալ, պատասխանել կամ իրենց պատասխանն ուղարկել , բայց ոչ մի բան չեն արել՝ լավ հասկանալով, որ տնօրենն ինչ-ինչ պատճառներով չի ծանուցվել… դատավորը կարող էր նրանց պատասխանատվության ենթարկել՝չներկայանալու համար, բայց ոչինչ չարեց»:
Հիշեցնենք, որ պարոն Եղնուկյանը վիրավորվել է «Ծածկած շուկային» փակցված պաստառից, որտեղ իրեն գրանտակեր եւ մասոն էին անվանել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ