«Գործազրկությունը, աղքատությունն ու արտագաղթը այսօր Հայաստանի ամենալուրջ սոցիալական մարտահրավերներն են». այսպիսի համոզման են եկել «Աճի հրամայականը եւ խոչընդոտները» թեմայով Հայաստանի ազգային մրցունակության 2013-2014թթ. զեկույցի հեղինակները՝ վերլուծելով մեր երկրի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացները:
Զեկույցը պատրաստվել է «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության եւ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից:
Զեկույցի մասնագետները գտնում են, որ ՀՆԱ-ի աճի մակարդակը չափազանց բարձր դերակատարում ունի. տարեկան աճի տեմպի նույնիսկ 0.1% փոփոխությունը կարող է մեկ տարով հետաձգել նպատակային ցուցանիշների ապահովումը: Ըստ նրանց՝ եթե 7% միջին տարեկան աճի դեպքում թիրախային վիճակին հնարավոր է հասնել 10 տարում, ապա ՀՆԱ-ի 10% աճը նույն արդյունքները կարող է ապահովել մինչեւ 2016 թվականը: Զեկույցի հեղինակները հաշվարկել են եւ պարզել, որ Հայաստանի տնտեսության ներկայիս աճի տեմպի պարագայում՝ 3-4%, տնտեսությունը թիրախային վիճակին կհասնի 2040 թվականին: Մինչդեռ տնտեսության աճի տարեկան 9.6% տեմպով 2016 թվականին կունենայինք ընդամենը 6% գործազրկություն եւ 0% զուտ միգրացիայի ներուժ: Նշենք, որ 2013թ.-ի տարեվերջին, պաշտոնական տվյաներով, գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 16,2%:
Մասնագետների վերլուծությունը ցույց է տվել, որ Հայաստանի տնտեսության առանցքային սահմանափակումներից է մարդկային կապիտալի զարգացման ցածր որակը. «Քանակական առումով Հայաստանը կրթված մարդկանց պակաս չունի: Աշխատուժի հետ կապված խնդիրներն արմատապես կապված են որակի հետ:
Կարդացեք նաև
Տնտեսության կողմից պահանջվող եւ ներկայիս կրթական համակարգի կողմից փաստացի առաջարկվող աշխատուժի որակների միջեւ էական ճեղքվածք կա»,- ասված է զեկույցում:
«Աճի հրամայականը եւ խոչընդոտները» խորագրով զեկույցում մի մեծ հատված հեղինակները վերլուծում են միգրացիայի եւ ժողովրդագրական խնդիրները՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ուսումնասիրությունները: Ըստ նրանց՝ թիրախային վիճակին հասնելու ժամանակահատվածը երկարաձգելու գինը միգրացիայի հավելյալ հոսքն ու ժողովրդագրական վիճակի վատթարացումն է, ինչը վտանգում է հետագա տնտեսական զարգացումն ու սրում ազգային անվտանգության հիմնահարցերը:
ՄԱԿ-ի հետազոտությունների հիման վրա զեկույցի հեղինակները կանխատեսել են, որ բնական աճի տեմպը կշարունակի վատթարանալ՝ 2020 թվականին նվազելով այժմյան 0.5%-ից մինչեւ 0.2%, իսկ 2025 թվականին կհասնի ընդամենը 0.1%-ի:
2013-ին մեր երկրից մեկնողներից 31 հազար 200 մարդ չի վերադարձել: Այս փաստը արձանագրելով՝ զեկույցի հեղինակները հիշեցնում են մինչ ճգնաժամային ժամանակահատվածը՝ մինչեւ 2008 թվականը, երբ աճող տնտեսությունը նպաստել է արտագաղթի տեմպերի կրճատմանը. «Այդ միտումը փոխվեց, երբ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ալիքը հասավ նաեւ Հայաստանի տնտեսություն:
Համաշխարհային բանկի գնահատականների համաձայն՝ Հայաստանը գտնվում է արտագաղթի ամենաբարձր մակարդակն ունեցող երկրների շարքում»:
Մասնագետների դիտարկմամբ՝ մի շարք ուսումնասիրություններն ու անցկացված հարցումները ցույց են տալիս, որ միգրացիայի դրդապատճառները եւս ժամանակի ընթացքում փոխվել են. «Չնայած նրան, որ գործազրկությունը շարունակում է մնալ արտագաղթի հիմնական դրդապատճառը, երկիրը լքելու որոշման հարցում էական նշանակություն ունեն նաեւ այնպիսի գործոններ, ինչպիսիք են աշխարհաքաղաքական սպառնալիքները, սոցիալական անարդարությունը, երկրի կառավարման նկատմամբ բացասական վերաբերմունքը եւ զարգացման անորոշությունը»:
Զեկույցի հեղինակները, կրկին վկայակոչելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալները, ըստ որի՝ Հայաստանը ծերացող բնակչություն ունեցող երկրների շարքին է պատկանում, կանխատեսում են, որ երկարաժամկետ հատվածում աշխատանքային տարիքի՝ 15-64 տարեկան բնակչությունը կնվազի՝ այժմյան 68-69%-ից 2100 թվականին հասնելով 57%-ի, ինչը, մասնագետների համոզմամբ, լուրջ ժողովրդագրական փոփոխություն է, որն էլ իր հերթին էական ազդեցություն կունենա երկրի աշխատուժի վրա: Ըստ հեղինակների՝ Հայաստանի բնակչության արագընթաց ծերացումը հիմնականում պայմանավորված է միջին տարիքի բնակչության արտագաղթով. «Ինչպես այլ ծերացող ազգերի դեպքում, Հայաստանը եւս գրանցել է զուտ վերարտադրության մակարդակի նվազման եւ կյանքի տեւողության ավելացման կայուն միտում: Այսպիսով, Հայաստանում ծերացումն արագանում է միգրացիայի, մասնավորապես՝ միգրանտների շրջանում միջին տարիքի բնակչության գերակշռության պատճառով: Ծերացող բնակչությունն իր ազդեցությունը կունենա աշխատաշուկայի վրա, նույնիսկ, եթե տնտեսական ակտիվությունը մնա նույն մակարդակին»:
Անդրադառնալով Հայաստանի ֆինանսական համակարգին՝ մասնագետները փաստում են, որ մեր երկրի ֆինանսական խորության ցուցանիշը գրեթե 6 անգամ զիջում է համաշխարհային միջին մակարդակին, ինչը նշանակում է, որ Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացման ուղին անհամասեռ է: Նշենք, որ ֆինանսական խորության ցուցանիշը ֆինանսական ակտիվների հարաբերակցությունն է ՀՆԱ-ին: Այսինքն՝ որքան բարձր է այս ցուցանիշը, այնքան տվյալ երկրում ավելի զարգացած է ֆինանսական շուկան: Ըստ զեկույցի մասնագետների՝ մեզ համեմատելի երկրների հետ խորության ցուցանիշը գրեթե հավասար է, մի փոքր զիջում է, բայց մեզ մոտ խնդիրը ավելի շատ կառուցվածքի մեջ է, մեզ մոտ գերակշռում են բանկային վարկերը:
Ըստ զեկույցի հեղինակների՝ Հայաստանի ֆինանսական համակարգի անհամասեռությունը պայմանավորված է բանկային ոլորտի ճնշող գերակշռությամբ:
«Հայաստանում ներքին խնայողությունների մակարդակը բավականին ցածր է եւ հիմնականում կարճաժամկետ բնույթ է կրում: «Երկար փողերի» պակասը առկա ներդրումները ուղղում է կարճաժամկետ ծրագրերին: Ակնկալվում է, որ կենսաթոշակային համակարգի բարեփոխումը երկրում կնպաստի խնայողությունների ժամկետայնության երկարացմանը: Այնուամենայնիվ, միայն կենսաթոշակային բարեփոխումը բավարար չէ ներքին խնայողությունների զգալի աճի համար: Մրցունակ դառնալու համար Հայաստանը տեւական ժամանակահատված պետք է բարձր տնտեսական աճ ապահովի»,-գտնում են զեկույցի հեղինակները: Ըստ նրանց՝ Հայաստանի տնտեսական զարգացումը մուտք է գործել այնպիսի ժամանակահատված, որտեղ արտահանումը հանդիսանում է հետագա աճի շարժիչ ուժը. «Այդուհանդերձ, Հայաստանի արտահանման կառուցվածքը բնութագրվում է ցածր կատարելագործվածությամբ»:
2008 թվականին գագաթնակետին հասնելուց հետո Հայաստանում ներդրումների ծավալը շարունակաբար նվազել է: Ըստ զեկույցի տնտեսագետների՝ Հայաստանի մասնավոր ոլորտը հիմնականում «կարճատես» է. «Երկարաժամկետ պլանավորումը որպես կառավարման գործիք լայն կիրառություն չունի տեղական ընկերությունների կողմից, ինչը հիմնականում պայմանավորված է տնտեսության ռիսկերի եւ անկայունության ակնկալիքներով: Որպես հետեւանք՝ ընկերությունների մեկ հինգերորդը մոտ ապագայի համար ներդրումային պլաններ չունի: Մասնավոր ոլորտի ներդրումային պլաններն առավելագույնն ունեն մեկից երեք տարի տեւողություն՝ հիմնականում արագ վերադարձելիության ակնկալիքներով: Սա իր հերթին ազդում է ընկերությունների ֆինանսավորման կառուցվածքի վրա»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ