Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վերաքննիչ դատարանում դեռ բողոքս չլսված՝ քրեական գործն ուղարկվել է դատարան»

Մարտ 05,2014 14:30

Փաստաբանը հայտնում է, որ առանց իրեն տեղյակ պահելու`
քրեական գործը ուղարկվել է դատարան

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, սկսվել է թմրամիջոց իրացնելու մեջ մեղադրվող Արմեն Թ.-ի դատաքննությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության` Արմեն Թ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախորդ տարվա սեպտեմբերին Արմեն Ե.-ից գործով անհայտ անձին վաճառելու եւ վաճառքից ստացված գումարից Ա. Ե.-ի կողմից իրեն պարտք եղած 40000 ՀՀ դրամը ստանալու նպատակով, ապօրինի ձեռք է բերել եւ իր պայուսակի մեջ է պահել 8 առանձին փաթեթների մեջ փաթեթավորված խոշոր չափի՝ 42.11 գրամ ընդհանուր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց՝ նախապես խոստանալով Արմեն Ե.-ին օժանդակել նշված թմրամիջոցն իրացնելու գործում, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի հասցրել վաճառել այն, քանի որ գողություն կատարելու կասկածանքով՝ բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ էլ թմրամիջոցը հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից Արմեն Թ.-ի մոտ առկա պայուսակի միջից՝ նրա անձնական խուզարկության ընթացքում։

Արմեն Թ.-ի փաստաբան Կարինե Գասպարյանը, սակայն, համաձայն չէ առաջադրված մեղադրանքի հետ, նա պնդում է, որ իրացման հանցակազմի բոլոր տարրերը չեն առկա գործում, հետեւաբար, առաջադրված մեղադրանքը անհիմն է:

Նա միջնորդություն է ներկայացրել դատարան` պահանջելով կարճել քրեական գործով վարույթը եւ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
«Կասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, ավելին, մեղադրանքի ապացուցման եւ կասկածյալին կամ մեղադրյալին ի պաշտպանություն բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է մեղադրանքի կողմը: Նախաքննական մարմինը, սակայն, խախտել է օրենքի պահանջը, եւ նախաքննական ցուցմունքի հիմքում դրվել է մասնակի մեղսունակ ճանաչված, անգրագետ անձի` իր իսկ դեմ գրված բացատրությունը, որը եղել է ծեծի, սպառնալիքի ազդեցության տակ` որոշակի նորմերի խախտմամբ: Ընդ որում՝ բացատրությունն ընդդեմ իրեն, իր վերաբերյալ ցուցմունք է, որից ակնհայտ երեւում է, որ իմ պաշտպանյալը քննվել է կասկածյալի կարգավիճակով, իսկ կասկածյալի իրավունքները նրան չեն բացատրվել, չի բացատրվել լռելու իրավունքը: Արմենը ինձ հայտնել է, որ իրեն ժամերով թելադրել են` ինչ գրել, անգամ հուշել են, թե որն է այս կամ այն տառը: Ի վերջո բացատրությունն ապացույց չի կարող դիտվել, եւ այն դնել ցուցմունքի հիմքում, առավել եւս պնդել այն, ճիշտ չէ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է փաստաբան Կարինե Գասպարյանը:

Նա տեղեկացնում է, որ եթե անգամ ինչ-որ մեկը իր պաշտպանյալին է տվել թմրամիջոցով փաթեթը, դա դեռ ապացույց չէ, որ վերջինս ցանկացել է այն իրացնել:
«Չկա որեւէ մեկը, որին ինքը իրացնի, կամ օժանդակի իրացմանը, այդ դեպքում այս հոդվածը դնելը բացառվում է, իրացման հանցակազմի համար անհրաժեշտ բոլոր տարրերը առկա չեն: Երկու մեղադրյալներ կան գործում, Արմեն Ե.-ն հրաժարվել է ցուցմունք տալ, ստացվում է` իմ պաշտպանյալը իր իսկ դեմ գրված բացատրությամբ մեղադրվում է հանցանքի մեջ»,- ասում է փաստաբան Կարինե Գասպարյանը:

Նա հավելում է, որ Հրազդանի ոստիկանությունում գտնվելու ժամանակ իր պաշտպանյալին ծեծի են ենթարկել, սպառնացել:

«Ինձ հետ հանդիպման ժամանակ իմ պաշտպանյալը հայտնեց, որ 4 օր մնալով Հրազդանի ոստիկանության բաժնում, ենթարկվել է ծեծի, սպառնալիքների, ծաղրուծանակի, իր ծնողի հասցեին իրեն տրվել են հայհոյանքներ եւ պահանջվել է գրել մի բան, որն իրականությանը չի համապատասխանում»,-խախտումների մասին է պատմում փաստաբանը:

Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ գործը դատարան է մտել այն ժամանակ, երբ դեռ իր` կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու որոշման դեմ ՀՀ վերաքննիչ դատարան բողոքը չէր լսվել:

«Վերաքննիչ դատարան դեռ բողոքս չլսված` գրություն եմ ստացել դատարանից, որ գործը գտնվում է դատավոր Պապոյանի մոտ: Եթե տրվում է ժամկետ խափանման միջոցի բողոքարկման համար, ինչպես ստացվեց, որ այդ բողոքը դեռ չլսված` գործը ուղարկեցին դատարան, քննիչն էլ ինձ չծանուցեց, որ գործն արդեն ուղարկվել է դատարան, կարող էի ես լրացուցիչ միջնորդություն ունեի անելու»,- նշում է փաստաբան Կարինե Գասպարյանը` հույս հայտնելով, որ գոնե առաջին ատյանի դատարանը, ուշադրություն դարձնելով վերոնշյալ խախտումներին, կբավարարի իր միջնորդությունն ու կկարճի քրեական գործով վարույթը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31