«Ուկրաինայի իրավիճակը հիշեցնում է 92 թվականը, երբ իշխանության եկավ «Ղարաբաղ» կոմիտեն, փակվեցին մի շարք գործարաններ եւ այլն: Նրանք եկել էին ոչ թե Հայաստանը կառուցելու, այլ կործանելու նպատակով: Հիմա, եթե նայում ենք, թե ով է եկել Ուկրաինայի իշխանության, ապա ակնհայտ է, որ շուտով ամբողջ տնտեսությունը կմտնի կոլապսի մեջ, սակայն կարծես թե ուկրաինացիները գիտակցում են վտանգը»,- այսօր «Ֆորում» ակումբում խոսելով Ուկրաինայում տիրող քաղաքական վիճակի մասին, նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նշեց, որ նա ճկուն քաղաքական գործիչ է ու փոքր-ինչ նահանջել է, եւ զգում է, որ Մայդանը իսկապես ըմբոստանալու իրավունք ուներ:
Ահարոն Ադիբեկյանը նաեւ նշեց, որ այսօր այդ ամենի համատեքստում Հայաստանի համար կարեւոր է Ղրիմի ճակատագիրը. «Եթե հանկարծ Ղրիմն անկախանա, դա մեզ համար նախադեպ կդառնա Ղարաբաղի հարցում: Մեզ համար ավելի հետաքրքիր է Ղրիմի ճակատագիրը, որովհետեւ այնտեղ կա նաեւ հայկական համայնք եւ հավանաբար երկու-երեք ամսում Ուկրաինայի բյուջեն կդատարկվի ու իշխանությունները կսկսեն ավելի լավ մտածել իրենց քայլերի շուրջ»:
Խոսելով ուկրաինական դեպքերի հնարավոր կրկնությունը Հայաստանում թեմայով՝ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ մենք, հայերս հեղափոխական չենք. «Հայը մանուկի նման փախուստ է կատարում այնտեղից, որտեղից հոգեբանական ճնշման է ենթարկվում: Հայերի մոտ տասը տոկոսն է մի քիչ ամուր, կայուն ու հեղափոխական, բայց այդ տասը տոկոսը շատ քիչ է, որ այստեղ էլ Մայդան լինի»,- ավելացրեց Ահարոն Ադիբեկյանը:
Կարդացեք նաև
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն էլ ասաց, որ Ուկրաինայում գրեթե քանդելու բան չկա, որովհետեւ երկիրը դեռ անցյալ տարվա ամռանն էր կանգնած սնանկացման եզրին ու այդ մասին հայտարարել էին ուկրաինացի գործիչներից շատերը: «Այս նոր իշխանությունը, որը ձեւավորվել է այնտեղ, իրականում, իշխանության եկավ Յանուկովիչի ապաշնորհության արդյունքում: Այսինքն` անցյալը դառնում է նախընտրելի: Ուկրաինայի նոր իշխանությունները ունեն մարտահրավերներ, Մայդանի խնդիրները չեն ավարտվում, բայց Ուկրաինան ստացել է վիճակը փոխելու հնարավորություն, այլ բան է, թե նրանք դա ինչպես կանեն»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ ավելացնելով, որ Ուկրաինային արդեն սկսել են օգնության ձեռք մեկնել ԱՄՆ-ը, ինչպես նաեւ Արժութային միջազգային հիմնադրամը , որը քննարկում է թե ինչքան տրամադրի Ուկրաինային:
«Առայժմ այն ինչ տեղի է ունենում՝ գնում է դեպի լարվածության նվազեցմանը, կարծես թե ռազմական շեղում չի լինի: Ես ասել էի, որ երրորդ համաշխարհայինը չի լինի, որովհետեւ դա որեւէ մեկին ձեռնտու չէ:
Ինչ վերաբերում է Հայաստան-Ուկրաինա նմանություններին, ապա ես գտնում եմ, որ նույնը չի կարող լինել Հայաստանում, քանի որ Ուկրաինան ունի հեղափոխության նախադեպ, իսկ Հայաստանը`ոչ: Հայաստանում հասարակության զգալի հատվածը, որը դժգոհ է, սպասում է թե իշխանության գլուխը ջարդելով պետք է փոփոխություններ անել, բայց արդյոք կա՞ն մյուս գործոնները, ինչը կար Ուկրաինայի պարագայում: Հայաստանում ունենք ընդդիմություն, որի չորս քաղաքական ուժերն այս պահին փոքր խնդիրներով համագործակցում են, բայց նրանցից երեքը, ըստ էության կողմ են արտահայտվել ԵՄ-ին, իսկ մեկ քաղաքական ուժը բավարար չէ: Որքան էլ քաղաքացիական շարժումները մեծ փոփոխությունների կողմնակից են, բայց քաղաքական կյանքի կազմակերպողը՝ կուսակցություններն են»,- ավելացրեց Ստյոպա Սաֆարյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ