Լրահոս
Օրվա լրահոսը

«Փառատոնը գաղափա՛ր է, համե՛րգ չէ»

Մարտ 05,2014 14:15

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը՝ լոնդոնյան «հրավառության» ու առաջիկա փառատոների մասին:

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ վերջերս Լոնդոնի St John’s Smith Square սրահում կայացել է «Հայաստանի պատանի տաղանդներ» ծրագրի հերթական համերգը: «Առավոտի» հետ զրույցում «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը հիշեցրեց, որ արդեն 6-րդ անգամ են ներկայանում լոնդոնյան հանդիսատեսին:

Հրավերն էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամի լոնդոնյան մասնաճյուղի ատենապետ Արմինե Կարապետի կողմից էր:

«Անցյալ տարի նշեցինք «Հայաստանի պատանի տաղանդներ» ծրագրի հիմնադրման հնգամյակը, ինչը առաջին հայացքից փոքր հոբելյան է, բայց կենսագրություն ունեցող: Այս տարի ծրագիրն ընդլայնեցինք եւ ներկայացրինք հայ տաղանդավոր երաժիշտներին: Համերգին իբրեւ դաշնակահար մասնակցում էին Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը՝ Ֆրանսիայից, Շվեյցարիայից աշխարհահռչակ մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը եւ Հայաստանից ազգային օպերային թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը»,- ասաց Մարիամ Շահինյանը: Հավելենք, որ Լիպարիտ Ավետիսյանը 2012-ին ներկայացել էր «Հայաստանի պատանի տաղանդներ» ծրագրով, ինչից հետո էլ մասնակցելով միջազգային մրցույթների, արժանացել դափնիների:

Տիկին Շահինյանը նշեց, որ Լոնդոնում հարուստ ծրագրով են ներկայացել, որը կազմված է եղել ինչպես արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններից, այնպես էլ հայկական բաժնից: Վերջինում ներկայացրել են Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, Հարությունյան, ինչը խանդավառությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից: Դահլիճը, որտեղ եղել են ոչ միայն հայ, այլեւ օտարազգի հանդիսականներ, ջերմ է արձագանքել մեր երաժիշտների ելույթներին: «Ընդհանրապես «Հայաստանի պատանի տաղանդներ» ծրագիրը անչափ կարեւորում եմ, որովհետեւ այս ծրագրից հետո Հայաստանի պատանի տաղանդները դառնում են ճանաչելի ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում: Օրինակները շատ են, թվեմ մի քանիսի անունը: Մեր երաժիշտներից Նինա Մինասյանը արդեն Մեծ թատրոնում է երգում, քանոնահար Նարեկ Կազազյանը «Եվրատեսիլի» հաղթող է, հրավերներ ունի արտերկրից, Լիպարիտ Ավետիսյանը՝ նույնպես: Այնպես որ՝ ծրագիրը նոր ստեղծագործական վերելքների վստահություն է տալիս»,- նշեց մեր զրուցակիցը:

Առաջիկայում «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը պատրաստվում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնին: Տարին փառատոնի համար հոբելյանական է, հիմնադրման 10-րդ տարին են նշելու: «Մենք էլ չենք հավատում, որ արդեն տասը տարեկան ենք, բայց երբ տեսնում ենք մեր արած գործը, «համոզվում» ենք: Սա շատ պատասխանատու տարի է, ուզում ենք, որ այս փառատոնը եւս հետաքրքիր լինի մեր հանդիսատեսի համար, անկախ նրանից, թե քանի տարեկան ենք: Դրանից զատ, մարտ ամսին Նարեկ Կազազյանի հետ երեք համերգ ունենք Շվեյցարիայում (մարտի 17-25-ը): Շատ ուրախ ենք Նարեկի համերգների համար: Հիշեցնեմ, որ նրան ներկայացրել ենք, երբ 11 տարեկան էր, ու հիմա հպարտ ենք նրա ստեղծագործական աճի համար»,- հայտնեց Մարիամ Շահինյանը: Նա տեղեկացրեց, որ զուգահեռ պատրաստվում են դասական երաժշտության 8-րդ «Վերադարձի» փառատոնին, որը կկայանա աշնանը. «Հուրախություն մեզ, այս փառատոնն էլ ճանաչում ունի արտերկրում: Մի խումբ երաժիշտներ անգամ մտադրվել են «վերադարձ» անունով համույթ հիմնադրել դրսում, ինչը մեզ համար մեծ պատիվ է: Սիրով ենք աշխատում, մնում է ընդամենը կարողանանք հոգալ տեխնիկական եւ ֆինանսական հարցերը»:

Անդրադառնալով «Ազգային պատկերասրահ» փառատոնին, տիկին Շահինյանը հիշեցրեց, որ փառատոնի գեղարվեստական խորհուրդը նախագահում էր անվանի կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը: Ի հարգանք երաժշտության նահապետի, նրա մահից հետո մեկ տարի խորհուրդը նախագահ չի ունեցել: Այս տարվանից «Ազգային պատկերասրահ» փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահը կլինի դարձյալ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: «Փառատոնը համերգ չէ, այն գաղափար է, եւ մեծ պատիվ է, որ այդ գաղափարի գլխին կա գեղարվեստական խորհուրդ, որը նախագահելու է Տիգրան Մանսուրյանը»,-կարծում է մեր զրուցակիցը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31