Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրում ու ստեղծագործում եմ երկու երկրում»

Մարտ 05,2014 14:05

Ջութակահար Կարեն Շահգալդյանը՝ իր կարիերայի մասին

Եղել են ու կան երաժիշտներ, մասնավորապես՝ ջութակահարներ (Զարե Տեր-Սահակյանց, Ռուբեն Ահարոնյան, Էդուարդ Թադեւոսյան, Կարեն Հարությունյան…), որոնց կեցվածքի մեջ դրոշմված է նրանց ազնվական էությունը, ինտելեկտը, մասնագիտական որակները: Այսօր էլ հանդիպում ենք նման երիտասարդ արվեստագետների: Անխոս, ճանաչված ջութակահար Կարեն Շահգալդյանը նրանցից մեկն է:

Ծնունդով մոսկվացի երաժիշտը 8 տարի է՝ Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի անդամ է: Օրերս տրիոն՝ դաշնակահար Արմինե Գրիգորյան, թավջութակահար Կարեն Քոչարյան, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ընկերակցությամբ առաջին անգամ հնչեցրին Բեթհովենի եռակի կոնցերտը, որը նախկինում քանիցս կատարել էին ռուսաստանյան տարբեր նվագախմբերի հետ: Բիսերի ու բրավոների տարափից հետո էլ տրիոն հնչեցրեց Խաչատրյանի «Սուսերով պարը»:

«Առավոտը» զրույցի հրավիրեց Կարեն Շահգալդյանին՝ նպատակ ունենալով ոչ թե ներկայացնել նրան, այլ վերջակետ դնել տարածված խոսակցություններին, թե ջութակահարը հիանալի կարիերա սկսելով Մոսկվայում, ինչպե՞ս պատահեց, որ «հանգրվանեց» Երեւանում, որտեղ իր կոլեգաների մի մասը վաղուց կամ հայտնվել է արտերկրում, կամ էլ դժգոհ է հայաստանյան երաժշտական անցուդարձից: Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ գոնե վերջին շրջանում առատ են դասական համերգների հայտագրերը, անցկացվում են միջազգային փառատոներ, արտերկրից ժամանում են աշխարհահռչակ արվեստագետներ եւ այլն:

Հակիրճ ներկայացնելով Կարեն Շահգալդյանի կենսագրությունը, նշենք, որ նա ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան (պրոֆեսոր Վ. Տրետյակովի դասարան), ինչպես նաեւ ասպիրանտուրան (պրոֆեսոր Մ. Գլեզարովայի ղեկավարությամբ), հանդես է եկել Սպիվակովի ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբում, մենահամերգներ ունեցել տարբեր կոլեկտիվների հետ, իսկ Ռուսաստանի մշակույթի նախարարությունը նրան տրամադրել էր Ստրադիվարիուսի ջութակ: Երաժիշտը նաեւ միջազգային մրցույթների դափնեկիր է:

Կարեն Շահգալդյանի խոսքերով՝ «Իհարկե, Հայաստանում աշխույժ է երաժշտական կյանքը, սակայն մեր երկիրը տնտեսական ծանր վիճակում է: «Վերեւների» համար մշակույթի ոլորտը կարծես առաջնահերթ չէ: Ընդ որում, այդ առումով Հայաստանի այսօրվա վիճակը նման է 1990-ականների Ռուսաստանին: Ռուս անվանի շատ երաժիշտներ այդ տարիներին հեռացան Ռուսաստանից, իսկ 2000-ականներից սկսած՝ այդ նույն երաժիշտները վերադառնում են հայրենիք: Այսօր արդեն Ռուսաստանում դրական իմաստով կայացած է բիզնեսը դասական արվեստում»: Նա հավելեց նաեւ, որ հայաստանցի կոլեգաները բացի իրենց ստեղծագործական աշխատանքից, ստիպված են անել այլ գործեր նույնպես (տեղական եւ արտերկրյա համերգների կազմակերպում, դրանց համար ֆինանսական միջոցների հայթայթում եւ այլն), ինչը մեր զրուցակցի խոսքերով՝ հիասթափության պատճառ է դառնում…

Կարեն Շահգալդյանն ասաց, որ առաջին անգամ Սպիվակովի ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հետ Երեւան է եկել 1998-ին. «Ես ապրում ու ստեղծագործում եմ երկու երկրում: Մոսկվայում հիմնական աշխատանք չունեմ, այն արտահայտվում է հյուրախաղերի տեսքով, Հայաստանում էլ՝ Խաչատրյանի անվան տրիոն դեռեւս պետական կարգավիճակ չունի, սակայն կարողանում ենք աշխատավարձ կոչեցյալը կոմպենսացնել հյուրախաղերի միջոցով: Օրինակ, միայն անցյալ տարի տրիոն ունեցել է արտերկրյա 50 համերգ: Ընկերներ էլ ունեմ, որոնք ապրում ու ստեղծագործում են 4 երկրում… Հայրենիքում իմ հիմնվելու պատճառներից մեկն էլ Մոսկվայում հանդիպումս էր ապագա կնոջս՝ դիզայներ Յանա Մեսրոպյանի հետ, ով եկել էր սովորելու, հետո նաեւ հրավիրվեց աշխատանքի… Այլ պատճառ էլ կար՝ Սպիվակովի ղեկավարած նվագախմբի հայաստանյան 6 համերգներից հետո իմ մենահամերգները Երեւանում, Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում, որտեղ հանդիպեցի եւ մտերմացա Խաչատրյանի անվան տրիոյի թավջութակահար Կարեն Քոչարյանի հետ եւ երբ շվեյցարացի կոլեգաս՝ Սիբիլե Չոփը տրիոյից 2006թ. հեռացավ, ես զբաղեցրի նրա տեղը ու շարունակում եմ կոլեգաներիս հետ սիրով աշխատել: Իհարկե, զուգահեռ հանդես գալիս մենահամերգներով»: Կարեն Շահգալդյանը նշեց, որ իր անձնական կապերի շնորհիվ Ռուսաստանի քաղաքներում կայանում են Խաչատրյանական տրիոյի համերգները, իսկ ինքը շատ շուտով կմեկնի հյուրախաղերի՝ Մոսկվա, Մուրմանսկ, Պետրոզավոդսկ եւ Վլադիմիր, իսկ ապրիլ-մայիս ամիսներին Ռուսաստանի քաղաքներում սպասվում են տրիոյի համերգները: Ջութակահարի երեւանյան մենահամերգը կկայանա աշնանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31