ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանն այսօր ներկայացրեց ՀՀ դատարանների 2012-13թթ. գործունեության վերաբերյալ համեմատական վիճակագրական վերլուծությունը ըստ ոլորտների՝ քրեական, քաղաքացիական, վարչական:
Ըստ Արսեն Բաբայանի՝ զգալի նվազում է արձանագրվել քրեական գործերով: 2013թ. ընթացքում՝ 2012թ. համեմատությամբ, դատարաններում ստացված քրեական գործերի քանակը նվազել է 207-ով՝ 4,9%-ով:
Ըստ ավարտված գործերի, դատի տրված անձանց թիվը նվազել է 38-ով: Վիճակագրության տվյալների համաձայն՝ անձանց թիվը, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, աճել է 56-ով, իսկ դատապարտվածների թիվը նվազել 270-ով, արդարացվածների թիվը աճել է 12-ով:
Արսեն Բաբայանը նկատեց, որ ինչպես 2012-ին, այնպես էլ 2013-ին դատապարտված անձանց թվում որոշակի նվազումներով հանդերձ, զգալի թիվ են կազմել գողության, խարդախության, յուրացնելու կամ վատնելու համար դատապարտվածները: Խուլիգանության համար 2012-ին դատապարտվել է 299 անձ, իսկ 2013-ին՝ 178, նվազումը՝ 121: Դատական դեպարտամենտի վարչության պետի գնահատմամբ՝ քրեական գործերի մասով նվազումը պայմանավորված է նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախադեպային մի շարք որոշումներով, ինչպես նաեւ քրեական գործերի նվազեցմամբ:
Կարդացեք նաև
Ըստ վիճակագրության, առաջին ատյանի դատարանների դատական ակտերի ընդհանուր կայունությունը կազմում է 97%: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից բեկանված դատական ակտերի թիվը 1159 է, գումարվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից բեկանված դատական ակտերի թվին՝ 445-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի կողմից բեկանված վարչական գործերով դատական ակտերի թվին եւ ստացվել է 2149 բեկանված ակտ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ