Գառնու տաճարի շրջակայքում սրճարանի շինարարությունն այս պահին դադարեցված է: Պատճառը փորձեցինք պարզել Գառնու գյուղապետ ԱՇՈՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ:
Նրա տեղեկացմամբ՝ շինարարությունը դադարեցվել է այն բանից հետո, երբ ինքը եղել է մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի մոտ, ներկայացրել իրողությունը: Այնուհետեւ նախարարության ներկայացուցիչներն այցելել են տաճարի տարածք եւ դադարեցրել շինարարական աշխատանքները` խոստանալով 4-5 օր հետո նորից այցելել Գառնի, հանդիպել համայնքի բնակիչների, ակտիվիստների հետ ու հասկանալ, թե ինչու են նրանք խոչընդոտում շինարարությանը, նաեւ բացատրել, թե ինչ նպատակով է սրճարանը կառուցվում։
Մինչ նախարարությունը պատրվակներ է փնտրում իր բիզնես ծրագրերն իրագործելու համար, պատճառաբանություններ բերում, թե այն զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու նպատակ ունի` Հայաստանի «Տուրօպերատորների ասոցիացիայի» նախագահության անդամ ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆԻ հավաստմամբ՝ բոլոր տուրօպերատորները բողոքում են Գառնու հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցելու դեմ։ Բոլորը միաբերան հայտարարել են, որ եթե, Աստված մի արասցե, սրճարանը կառուցվի` իրենք ամեն ինչ կանեն, որ զբոսաշրջիկներն այդ չարաբաստիկ սրճարանից ընդհանրապես չօգտվեն:
Անահիտ Ադամյանը նաեւ տեղեկացրեց, որ մշակույթի նախարարության այդ որոշումը զարմացրել ու զայրացրել է արտասահմանյան իրենց գործընկերներին։ Հնարավոր է, որ նրանք պահանջեն Գառնիի տաճարը հանել տուրփաթեթներից: Փաստորեն մշակույթի նախարարության ձեռնարկը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ:
Իսկ նախարարության այն պնդումները, թե սրճարանի առկայության դեպքում զբոսաշրջիկը արգելոցի հսկայական տարածքում գոնե ջուր խմելու հնարավորություն կունենա, անհիմն են, քանի որ, Գառնու գյուղապետի տեղեկացմամբ, մինչեւ տաճար հասնելը ճանապարհին երեք ցայտաղբյուր կա, այնպես որ զբոսաշրջիկը կարող է հագեցնել իր ծարավը: Նաեւ տաճարի մուտքի մոտ սառնարաններ են դրված եւ զովացուցիչ ըմպելիքներ են վաճառվում: Իսկ արգելոցի դարպասներից դուրս երկու ռեստորան կա, որտեղ էլ մարդիկ ցանկության դեպքում կարող են հագեցնել իրենց քաղցը կամ սուրճ խմել:
Լրացուցիչ սրճարան կառուցելու անհրաժեշտություն այդ մասում չի էլ եղել։ Իզուր է նախարարությունը փորձում համոզել, թե դրա անհրաժեշտությունը հաշվի առնելով եւ խեղճ զբոսաշրջիկի մասին մտածելով են իրենք որոշել այդ ապամշակութային քայլին դիմել:
Մշակույթի նախարարության պարզաբանումը, թե սրճարանում վաճառվող ըմպելիքներից հավաքված գումարներով հնարավոր կլինի վերանորոգել դեպի տաճար տանող սալահատակը, նույնպես համոզիչ չէ։ Գառնու հեթանոսական տաճար մուտք գործելու համար զբոսաշրջային սեզոնի ժամանակ օրական միջինը 400 հազար, իսկ տոնակատարությունների, մասնավորապես Նավասարդի ժամանակ միջինը 1 մլն 300 հազար դրամի տոմս է վաճառվում: Այդքանը լիովին բավարար է գոնե սալահատակը վերանորոգելու համար:
«Եթե այդ գումարները չեն ներդնում տաճարի տարածքի բարեկարգման համար, ապա ինչո՞ւ պետք է հավատանք, որ գաթա կամ սուրճ ու ջուր վաճառելով` արգելոցի տարածքը կբարեկարգեն: Եթե պետական գումարներով չեն անում, անձնական գումարներով, միանշանակ, չեն վերանորոգի»,- ասաց Աշոտ Վարդանյանը:
Ի դեպ, գյուղապետն օրերս դիմել էր Աբովյանի ոստիկանություն` հայտարարություն տալով, որ սրճարանը կառուցվում է առանց իր թույլտվության, մինչդեռ օրենքը սահմանում է, որ Գառնիում որեւէ շինարարություն չի թույլատրվում իրականացնել` առանց գյուղապետի համաձայնության: Ասել է թե՝ շինարարությունն ապօրինի է:
Մեր այն հարցին, թե ի՞նչ զարգացումներ են տեղի ունեցել ոստիկանության բաժանմունքում դիմում ներկայացնելուց հետո, գյուղապետը պատասխանեց, որ դեռեւս սպասողական վիճակ է: Սակայն շատ հավանական է, որ հարցը լուծվի ոչ միայն գյուղապետի, այլեւ Կոտայքի մարզպետի մակարդակով: Բանն այն է, որ օրերս գյուղապետը եղել է մարզպետարանում, որտեղ մարզպետը նրան հավաստիացրել է, թե առանց իր թույլտվության ոչ ոք իրավունք չուներ Գառնիի տարածքում սրճարան կառուցել:
Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում