Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգապահական վարույթ է հարուցվել այն փաստաբանի նկատմամբ, որը չի առարկել երեխայի ներկայությամբ մեղադրանք առաջադրելուն

Մարտ 05,2014 11:26

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարգապահական վարույթ է հարուցել փաստաբան Արշակ Հարությունյանի (արտոնագիր 1158) նկատմամբ:
www.hahr.am լրատվական կայքում հետևյալ հրապարակումն է տեղ գտել «ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻ՞ՆՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՓԱՍՏԱԲԱՆԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ» վերտառությամբ հրապարակումը, որտեղ մասնավորապես ասվում է. «Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր` Ն.Բաղդասարյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է
Գոռ Բարնաուսովի (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (և Արմեն Զարաֆյանի) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով) քրեական գործի քննությունը:

Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ` Ա.Վեզիրյանին տրված հարցազրույցում, ամբաստանյալ` Գ.Բառնաուսովի մայրը հայտնել է, որ փաստաբանը հրավիրվել է նախաքննության մարմնի կողմից, մեղադրանքը առաջադրվել է մանկահասակ երեխայի ներկայությամբ, որին փաստաբանը չի առարկել: Մանրամասները դիտեք տեսանյութերում»։

Մասնավորապես հրապարակման ներքևում տեղադրված է երկու տեսանյութ:
Առաջին տեսանյութում (այսուհետ՝ Տեսանյութ) նշված գործով մեղադրյալի մայրը նշում է, մեջբերում ենք. «… մեղադրանքն ընդունելուց առաջ իմ որդին ինձ ասել է, որ էստեղ ներկայացրել են մի հատ փաստաբան Արշակ Հարությունյան անուն, ազգանունով: Այդ փաստաբանին ներկայացրել են, չգիտեմ կոնկրետ ով, բայց քննչական կազմում, իրանց կողմից է ներկայացվել, որ ինքը գործը կներկայացնի դատարան, որպեսզի իմ որդուն չձերբակալեն, այսինքն՝ պոդ զալոգ թողնեն մինչև դատավարության սկիզբը: Ես այդ փաստաբանին, Արշակ Հարությունյանին տեսել եմ այն պահին, նույնիսկ չեմ էլ իմացել, որ այդ ինքն է փաստաբանը, իրանց կողմից ներկայացրած, տեսել եմ, որ նստած գրում է, բայց ինչ է գրում չեմ էլ իմացել, որ էտ ինքն է, որ ծանոթանամ թե ինքը ինչ է գրում, և երբ իմ տղան ցուցմունք է տվել, այդ պահերին չի եղել այդ փաստաբանը: Փաստաբանը եղել է մարտի 4-ին, երբ որ իմ տղային ուզել են տանեն, բերեն դատարան, որպեսզի տան այդ սանկցիան, այդ պահին ենք մենք տեսել այդ Արշակ Հարությունյանին:…»:
«Մենք անձամբ նրան ոչ մի հարցում չենք դիմել, մենք նրան չենք վարձել, այսինքն՝ որպեսզի լինի մեր տղայի կողքին, ուղղակի նա տրամադրվել է քննչական կազմի կողմից, որպեսզի նա գործը, այսինքն՝ դատարանում պոդ զալոգ ներկայացնելու իմ տղայի տեղը խոսալու փոխարեն խոսի Արշակ Հարությունյանը…»:

Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.1.9 կետի համաձայն՝ Փաստաբանը չի կարող ընդունել նախաքննության և դատաքննության փուլերում տվյալ գործով վարույթ իրականացնող պաշտոնատար անձի կողմից իրեն ուղղված՝ տվյալ վարույթին առնչվող անձի գործի վարման հետ կապված իրավական օգնություն ցույց տալու հանձնարարություն: Եթե փաստաբանը չկարողանա ապացուցել, որ քրեական գործով պաշտպանության համար իրեն է դիմել վստահորդը կամ նրա հանձնարարությամբ այլ մասնավոր անձ, ապա Պալատի խորհուրդը կարող է հաստատված համարել այն փաստը, որ փաստաբանը քրեական գործով վարույթում է հայտնվել նախաքննության մարմնի պատվերով: Պալատի խորհուրդը կարող է հաշվի առնել նաև փաստաբանի կողմից իրականացրած գործողությունների բնույթը` վստահորդի շահերը պատշաճ կարգով ներկայացված լինելու տեսանկյունից: Փաստաբանի կողմից նախաքննության մարմնի պաշտոնատար անձի հանձնարարությամբ (առաջարկությամբ) գործին ներգրավված լինելու և վստահորդին բավարար իրավական օգնություն ցույց տված չլինելու արարքների համակցությունը հանդիսանում է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում։
Հրապարակման մեջ առերևույթ առկա են փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտում:

Վերոգրյալը հաշվի առնելով, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ փաստաբան Արշակ Հարությունյանի (արտոնագիր թիվ 1158) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.1.9 կետի խախտման հատկանիշներով։

Հ.Գ. Հարկ է արձանագրել, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում` Պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ:

ՀՀ փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31