Արբակ Խաչատրյանը՝ ուկրաինական եւ հայաստանյան զարգացումների մասին
«…Մինչեւ այդ երկրների քաղաքական դեմքերը չհասկանան, որ իրենք են առաջին պատասխանատուն նրա, որ, ասենք, Հայաստանում եւ Ուկրաինայում հակառուսական տրամադրություններ են, որ Ռուսաստանում հակակովկասյան ընդվզումներ են, ոչնչի չենք հասնի: Այսօրվա քաղաքական կոչվող դեմքերին շրջապատող անձինք էլ նրանց հետ պետք է պատասխան տան՝ թեկուզ այդ երկրներից գողացված գումարները վերադարձնելով: Հայաստանի եւ Ուկրաինայի ղեկավարները շատ լավ գիտեին, որ իրենց ժողովրդի մի ստվար հատվածը գտնվում է ՌԴ-ի տարածքում, աշխատում ու ապրում է այնտեղ, որ իրենց երկրները ստրատեգիական կապերով են կապված ՌԴ-ի հետ՝ գազ, էներգակիրներ, Հայաստանում են գտնվում ռուսական ռազմաբազաները, հայկական սահմանին ռուսական զորքերն են կանգնած եւ այլն, ի՞նչ էին մտածում երեք-չորս տարի, երբ բանակցում էին Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ: Չէ՞ որ ժողովուրդը փորձարկման ճագար չէ, որ չորս տարի խաղ խաղացին ու փոխվեցին»,- այս դիտարկումներն «Առավոտի» հետ զրույցում դեռ ամիսներ առաջ (28-ը նոյեմբերի 2013) արել էր իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը վիլնյուսյան գագաթնաժողովի օրերին` առաջարկելով կախաղան բարձրացնել Ուկրաինայի եւ Հայաստանի նախագահներին իրենց նման պահվածքի համար: Մեր զրուցակիցն, իհարկե, չէր արդարացնում ՌԴ-ի քաղաքականությունը, որի կտրուկ քայլերի արդյունքում ատելությունն ավելի խորացավ: Այսօր Ուկրաինայում եւ նրա շուրջ տեղի ունեցող զարգացումներն էլ ավելի առարկայական են դարձնում ամեն ինչ: Ու անկախ այս խնդրի հանգուցալուծման եղանակից` դեռ տասնյակ տարիներ են պահանջվելու, որպեսզի ուկրաինացիները դադարեն ռուսներին իբրեւ թշնամի ընկալել եւ վերաբերվել: «Մի՞թե արժեր մի տականքի (նկատի ունի Յանուկովիչին-Ն. Գ.) ու նրա շրջապատի պատճառով հարաբերությունների սրումն այդ աստիճանի հասցնել»,- երեկ մեզ հետ զրույցում անդրադառնալով ուկրաինական իրադարձություններին՝ նման հռետորական հարց հնչեցրեց Արբակ Խաչատրյանը: Ընթացող զարգացումների համատեքստում այժմ նաեւ կարծիքներ են հնչում Ուկրաինայի հնարավոր տրոհման մասին: «Ի վերջո, կարգավիճակի հարցում համաձայնության կգան, մինչդեռ այս ամենն էականորեն նվազեցրեց ՌԴ-ի միջազգային վարկը: ՌԴ-ի հզորացման դեմ այժմ եւ ԱՄՆ-ում, եւ Եվրոպայում թշնամանքով եւ վախով կտրամադրվեն, քանզի Ռուսաստանը ձեռք բերեց մի համբավ, որ երբ ինչ ցանկանա` այն էլ անելու է: Այս իմաստով ՌԴ-ի տնտեսությանն ահռելի հարված է սպասվում` նավթի, գազի, ռուսական ընկերությունների բանկային հաշիվների ու գործարքների սահմանափակումներ կլինեն: Այս ամենը կամաց-կամաց կարող է տանել ՌԴ նախագահի թուլացման: Սա այն հիմնական վտանգն է, որը սպասվում է Ռուսաստանին»,- ասաց մեր զրուցակիցը` գրեթե բացառելով, որ, այնուհանդերձ, ռուսական զորքերը ուկրաինական տարածքներում գործողություններ իրականացնեն:
Որ Ռուսաստանն այլընտրանք չուներ եւ չէր կարող չպաշտպանել իր ժողովրդին Ղրիմում՝ մեր զրուցակիցը միանշանակ է համարում, բայց դեմ է այդ քայլերի իրականացման ձեւերին: «Եթե ՌԴ-ն նախ դիմեր ՄԱԿ-ին, միջազգային հանրությանը, ասեր, որ իր ժողովրդին պաշտպանելու համար գնալու է այդ քայլին, ՄԱԿ-ից, միջազգային հանրությունից պահանջեր այդ իրավունքը, նոր քայլ կատարեր, այլ իրավիճակ կլիներ: Բայց Ռուսաստանը հակառակն արեց: Սա էլ է դիվանագիտական պարտության նշան: ՌԴ-ի նման կեցվածքը միջազգային հանրությանը ստիպելու է տնտեսապես ճնշած պահել ՌԴ-ին, որ վերջինս երբեք չկարողանա հզորանալ: Ի դեպ, եթե համաձայնության էլ եկան, միեւնույն է՝ սանկցիաները Ռուսաստանի դեմ կկիրառվեն»,- ասում է մեր զրուցակիցը` վկայակոչելով ԱՄՆ-ի վարքագիծն ու գործելակերպը:
Այժմ հալածյալի կարգավիճակ ստացած Յուլյա Տիմոշենկոյին էլ իր ժամանակին դատապարտեցին պաշտոնեական դիրքի չարաշահման, ՌԴ-ի հետ ոչ ադեկվատ համաձայնություններ ձեռք բերելու համար: Այսինքն՝ միայն Յանուկովիչը չէ, որ ռուսական էլիտայի հովանավորությունն էր վայելում: Իսկ որն էր ՌԴ-ի սխալը Ուկրաինայի նկատմամբ, որ նման արդյունք ստացվեց: Փաստորեն, անցած տարիների ընթացքում ՌԴ-ն բավական մեծ օգնություններ է ցուցաբերել Ուկրաինային: Երկրին, որն այդքան օգնում է մի պետության ու ժողովրդի, առնվազն պետք է երկրպագեին, բայց ուկրաինացիներն ատում են ՌԴ-ին, ու որքան գումարները մեծանում են, ատելությունն էլ ավելանում է: Մեր զրուցակիցը նաեւ սա համարում է դիվանագիտական կորպուսի սխալ աշխատանքի արդյունք. «ՌԴ-ն միշտ ընտրում է անձերի, ովքեր իրենց բնույթով գողեր են, գլխի պարունակությամբ` դատարկ: Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, ովքեր ՌԴ նախագահին ճիշտ տեղեկություններ չեն տալիս, հավանաբար, էլի շահ ունեն:
Կարդացեք նաև
Ռուսական գազի, նավթի միջոցներով Ուկրաինան պետություն էր պահում, տնտեսություն էր հզորացնում, բայց ամեն ինչ հակառակ հետքը թողեց` մի քանի տականքի պատճառով: Նույն բանն ավելի փոքր մասշտաբներով Հայաստանում է կատարվում: Ցավոք, ՌԴ-ն միշտ ՍՍՀՄ-ից եկած ագենտների վրա է հենվում. նրանք էլ երբ փող են տալիս, ոտքերն են համբուրում, հետո առաջինն են ծախում»: Ու այս իրականության մեջ, այնուհանդերձ, մի բան անհասկանալի է` ինչու են Եվրոպան ու Ամերիկան սպասում, որ իրավիճակը պայթի, նոր միայն պետության հնարավորություններն օգտագործելով՝ հսկայական հարստություններ դիզած գողերի ու ավազակների նկատմամբ սկսում սանկցիաներ կիրառել:
Դառնալով արդեն հայաստանյան խնդիրներին եւ վերլուծելով մարտի մեկի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ Արբակ Խաչատրյանը գտնում է, որ նրա հայտարարությունը, որ Հայաստանի` Մաքսային միություն գնալն անշրջելի քայլ է, բավական վտանգավոր էր: «Ավելի մեծ պրոռուսական քայլ, որ կատարեց Սերժ Սարգսյանը սեպտեմբերի երեքին ու աշխարհին ցույց տվեց, որ ինքն ամբողջովին ենթարկվում է ՌԴ-ին, Հայաստանի նորագույն պատմության ընթացքում չի եղել: Նա դա արեց` իր դիրքը կորցնելով եւ ԱՄՆ-ի, եւ Եվրոպայի, անգամ ՌԴ-ի մոտ: Ու հիմա, երբ առաջին նախագահը հայտարարում է, որ Հայաստանը գնում է Մաքսային միություն` առանց Սերժ Սարգսյանի, դա բավական վտանգավոր հայտարարություն է: Չգիտեմ՝ այն մտածվա՞ծ է արվել, թե՞ ոչ, բայց դիտարկելով Տեր-Պետրոսյանի քայլերի հաջորդականությունն ու տրամաբանությունը՝ նման հայտարարությունը հենց մարտի մեկի օրը ինձ մոտ լուրջ կասկածներ են առաջացնում»: Ըստ մեր զրուցակցի՝ Տեր-Պետրոսյանի վրացական սցենարի հայկական կատարումը Հայաստանում մեծ քաոս կառաջացնի, ու դեռ հարց է, թե Սերժ Սարգսյանից հետո ինչ ուժեր կլինեն Հայաստանում, դրսից ինչ ուժեր նորից կծնվեն: Բայց որ Հայաստանի ողնաշարը վերջնականապես կարող է կոտրվել, մեր զրուցակիցը կասկած չունի: «Մի կողմից՝ ԼՂՀ-ի հարցը, մյուս կողմից՝ տնտեսական կապերի բացակայությունը, երկրում ծանր սոցիալական իրավիճակը… Աստված մի արասցե, որ այդ քաոսի ընթացքում ՌԴ-ն Գյումրիում տեղակայված իր ռազմական ուժերով անգամ ուսումնական վարժանք անցկացնի: Պատկերացրեք, թե ինչ հարվածներ կլինեն ՌԴ-ին ուղղված ու ինչ կկատարվի աշխարհում: Հայաստանը կդառնա գերտերությունների ձեռքին ողնաշարը կոտրված խաղաքարտ, որի հետ կվարվեն` ինչպես հարմար կգտնեն: ՌԴ-ի այս ծանր վիճակում նման քայլ կատարել եւ այս տարածաշրջանն էլ տալ միջազգային համակարգի վերահսկողության տակ` շատ վտանգավոր խաղ է: Ավելի փոքր մասշտաբներով փորձել երկու ամսում անել այն, ինչ որ կատարվեց Ուկրաինայում, ու հայտարարել, որ գնում ենք Մաքսային միություն, ես կասկածում եմ, որ ազնիվ կեցվածք չէ: Այն էլ այդ մասին հայտարարել ամսի մեկին, երբ այդ օրվա խորհուրդն այլ էր»,- ասաց մեր զրուցակիցը` ձեռնպահ մնալով առավել մանրամասնել իր կարծիքը Տեր-Պետրոսյանի սկսած խաղի մասին. «Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը իսկապես լինել-չլինելու, տնտեսական կռվախնձոր դառնալու, տարածքներ կորցնելու ելույթ էր, որի տակ ահռելի ծանր հաշվարկներ կան»:
Եթե Գագիկ Ծառուկյանին Տեր-Պետրոսյանը համարում է Իվանիշվիլի, մեր զրուցակիցը գտնում է, որ Սերժ Սարգսյանին էլ պետք է Սահակաշվիլի համարել: Արբակ Խաչատրյանը նկատում է, որ մարդկանց հիշողություններում դեռ թարմ են այն դեմքերը, ովքեր 2008-ին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողքին էին, որոնցով այսօր Տեր-Պետրոսյանը ցանկանում է Հայաստանում հեղափոխություն անել: Մեր զրուցակցին առնվազն ապշեցնում է, որ տասնյակ տարիներ իշխանության չլինելով` Տեր-Պետրոսյանը համառում է մատների վրա խաղացնել Հայաստանն ու հասարակությանը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԻԿՈԼԱՅ ՊԱՐԱՏՈՒՆԻՆ
«Առավոտ» օրաթերթ
Սա որտեղի ծլեց…?
Բա դու:
Ժաղովուրդը հոգնել է լևոնի ժամանակ առ ժամանակ ԾՈՒՂՐՈՒՂՈՒ կանչելուց….. Իսկ լևոնի չեր խանգարի ուշքի գան, օրինակ դառնան եհովայի վկաներ, որոնք ավելի անվտանգ են …..
Спасибо г . А. Хачатрян! есть же унас трезвомыслящие люди и обнадеживает . что однажды Л.Т. П. по инерции как всегдаподнимется на трибуну а слушателей не обнаружит. Аминь!