«Ադրբեջանի դիվանագիտությունն ու քարոզչությունը շարունակում են մոլորության մեջ գցել միջազգային հանրությունն ու Ադրբեջանի ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունն ու պատմությունը և մասնավորապես Խոջալուի իրադարձությունները կեղծելու միջոցով»:
Այս մասին ասված է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից տարածված հայտարարության մեջ, որը հրապարակվել է «PRNewswire» լրատվական գործակալության կողմից և տարածվել ԱՄՆ-ի մամուլում:
Հայաստանի դեսպանության կողմից հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ Ադրբեջանում իշխանության գլուխ կանգնած վարչակարգը Խոջալուի իրադարձությունների խեղաթյուրման միջոցով փորձում է խուսափել Սումգայիթում (1988 թ. փետրվար) Կիրովաբադում (1988 թ. նոյեմբեր) Բաքվում (1990թ. հունվար), Մարաղայում (1992թ. ապրիլ), հայերի նկատմամբ, ինչպես նաև Խոջալույում իր սեփական ժողովրդի դեմ իրականացված ջարդերի համար պատասխանատվությունից:
«Ադրբեջանը փորձում է որպես զոհ ներկայացնել իրեն՝ դրա միջոցով ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում նախապատրաստելով Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ևս մեկ պատերազմ սանձարձակելու համար անհրաժեշտ բարոյական հիմքեր», – ասված է հայտարարության մեջ:
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունն իր հայտարարության մեջ հիշեցնում է, որ Ադրբեջանը շարունակում է հերքել Խոջալույում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ բաց քննարկումներ անցկացնելու միջազգային հանրության, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, արվող կոչերը:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում