Լրահոս
Օրվա լրահոսը

«Չաթլաղ»-ը տեղ չգտավ ԱԺ էթիկայի հանձնաժողովում

Մարտ 04,2014 20:53

ՕԵԿ-ական պատգամավոր, ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ Հովհաննես Մարգարյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը բողոքներ չի ստացել տաճկերեն «չաթլաղ» բառի հետ կապված, որը օգտագործել էր ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը` հակադարձելով Արդարադատության նախարարին: «Երբ ուսումնասիրում ենք բրիտանական, չգիտեմ տարբեր երկրների պառլամենտները, շատ տեղերում մենք տեսնում ենք նաև ձեռնամարտ, հարևան Վրաստանում տեսանք, հիմա Փառք Աստծո մեր մոտ դրան չի հասել: Իհարկե, դա չի նշանակում, որ ընդունելի է, որպեսզի կարողանանք էթիկայի կանոններից, որն ամրագրված է օրենքով, դուրս գանք: Բայց ստացվում է, մարդիկ երբեմն տեղիք են տալիս իրենց կրքերին ու էմոցիաներին, ստացվեց այն, ինչ ստացվեց:

Ուղղակի ես կարևորում եմ մի հանգամանք, որ մեր գործընկերները, կարծես թե, հարցը փակեցին, ուժ գտան իրենց մեջ, հարցը փակեցին և ցանկալի չէ, որ նման հարց կրկնվի: Ինձ` որպես էթիկայի հանձնաժողովի անդամի, շատ են հարցնում, թե էս հարցը քննելո՞ւ է էթիկայի հանձնաժողովը, էթիկայի հանձնաժողովը որևէ դիմում չի ստացել: Մեր աշխատանքը կանոնակարգված է, պետք է դիմում լինի, որպեսզի քննարկենք, թե կոնկրետ էս պատգամավորի կողմից էթիկայի նորմ է խախտվել: Իսկ եթե չկա դիմում, քննարկում չկա, լավ է, որ մեր մոտ ձեռնամարտի չի հասնում և չի շարունակվելու:

Մենք անկախ ամեն ինչից պիտի հարգենք խորհրդարանը, անկախ ամեն ինչից պետք է հասկանանք, որ ժողովրդի տունն է խորհրդարանը, իսկ ժողովուրդը իր իշխանությունը, պատվիրակումը հանձնել է պատգամավորին, որպեսզի վերջինս իրացնի 5 տարի ժամկետով:

Էստեղ շատ կուտակված խնդիրներ կան և մենք հնարավորինս պետք է զուսպ պահենք, կոռեկտ պահենք մեզ մեր արտահայտությունների մեջ: Հուսանք, որ չի կրկնվի…Գիտեք ինչի համար էսքան շատ քննարկվեց այս հարցը, որովհետև անսպասելի էր, որ նման մարդիկ կարող էին օգտագործել, բայց մարդ է, յուրաքանչյուրիս հետ էլ կարող է ստացվել, մարդ եմ կարող է տեղիք տալ, նյարդերը չդիմանան, մարդ է, ստացվում է, դա չի կարելի դարձնել հայոց հարցը կամ մի կաթիլ մեղրը…», -ասաց էթիկայի հանձնաժողովի անդամը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31