Մարտի 1-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանն աշխատանքային այցելություն ունեցավ Սամցխե-Ջավախք նահանգի Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջաններ:
Նինոծմինդայում՝ Ռաֆայել Ղարսլյանի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը դեսպան Մանուկյանն ընդգծեց հայ համայնքային կյանքում մշակութային, կրթական և սպորտային ակտիվության կարևորությունը և կոչ արեց այդ ուղղություններով շարունակել գործունեությունը: Դեսպան Մանուկյանը հատկապես կարևորեց Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությունը հայ համայնքային կյանքում և հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության պահպանման գործում:
Վրաստանում ՀՀ դեսպանը համայնքային մի շարք ակտիվիստների փոխանցեց Հայաստանի սփյուռքի, կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների գերատեսչական պարգևները:
Նույն օրը համայնքային կառույցների ներկայացուցիչների և առանձին անհատների հետ հանդիպում տեղի ունեցավ Ախալքալաքի շրջանում:
Կարդացեք նաև
Հանդիպման մասնակիցների հետ զրույցում քննարկվեցին, Վրաստանի հայ համայնքում առկա խնդիրներին և համայնքային կյանքի աշխուժացմանն ուղղված քայլերին առնչվող, Ջավախքի տարածաշրջանի հայ ազգաբնակչությանը հուզող բազմաթիվ հարցեր: Դեսպան Մանուկյանը ներկայացրեց հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակը:
Այնուհետև տեղի ունեցավ ՀՀ գերատեսչական պարգևների հանձնման պաշտոնական արարողությունը:
Դեսպան Մանուկյանին ուղեկցում էին և հանդիպումների ընթացքում խոսքով հանդես եկան Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ Հայր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, ՀՀ Աժ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
ՀՀ ԱԳՆ