Օրերս Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հարստությունը բուռն քննարկվեց սոցցանցերում: Հատկապես քննարկման առարկա դարձավ Յանուկովիչի ոսկե կափարիչով զուգարանակոնքը, ոսկե մոխրամանը, հսկայական լողավազանը, 20 անգամ թորած ջուր խմելու սովորությունը:
Թե ինչքանով են մեր բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց կենցաղով զիջում Յանուկովիչին, ըստ «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության ղեկավար Զոյա Թադեւոսյանի, մերոնք ավելի ճոխ կյանքով են ապրում. «Իրենք ի տարբերություն Յանուկովիչի, ավելի ցոփ ու շվայտ կյանքով են ապրում: Եթե համեմատենք, մերոնք իրենց կապիտալը տանում են դուրս: Եվ որեւէ մեկը չգիտի, թե գործող վարչապետը դրսում ինչ թանկարժեք քարերից ու մետաղներից պատրաստված զուգարանակոնք ունի կամ մնացածը՝ իրենց դաչաներում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում: Մերոնք վախենում են իրենց կապիտալը, իրենց ցոփ ու շվայտ կյանքը ցուցադրել իրենց հայրենիքում, իսկ Յանուկովիչը շատ վստահ էր, որ երկարաժամկետ իշխանություն ունի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Թադեւոսյանը:
Նրա խոսքերով՝ «Կյանքը ցույց է տալիս, որ այդքան վստահ լինելը սխալ բան է: Երբ լցվում է ժողովրդի համբերության բաժակը, իրենց կուտակածը դուրս է գալիս իրենց դեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ