Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել հայրենական ապրանքարտադրողներին՝ ՄՄ-ին անդամակցության աշխատանքների վերաբերյալ

Մարտ 04,2014 18:50

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանում տեղի է ունեցել Հայրենական ապրանքարտադրողների միության 6-րդ համագումարը:

Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ մինչ այս բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել միության ներկայացուցիչների հետ, քննարկվել տարբեր հարցեր:

Apranqartadrokhner4

Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ստեղծված աշխատանքային խմբերի գործունեությունը առաջ է ընթանում բավականին արդյունավետ, չկան հարցեր, որոնց շուրջ հայկական կողմը համաձայնության չի եկել ՄՄ անդամ երկրների գործընկերների հետ:

Այնուհետև վարչապետը ներկայացրել է մեր երկրի համար զգայուն համարվող ապրանքատեսակների խմբերը, որոնց մաքսատուրքերի հարցում բանակցությունները շարունակվում են: «Մենք պետք է մեր գործընկերների հետ գանք համաձայնության, թե ինչ փուլերով և ինչ ժամանակահատվածում ենք փոփոխելու մաքսատուրքերը: Կան ապրանքներ, որոնք ունեն էական նշանակություն մեզ համար:

          Առաջին խումբը վերաբերում է հումքի տեսակներին, որոնք ներմուծվում են երրորդ երկրներից: Պետք է ուշադիր լինել դրանք գնահատելիս, որպեսզի արտադրողների համար ինքնարժեքի բարձրացում տեղի չունենա:

          Ապրանքների երկրորդ խումբն անմիջականորեն հանդիսանում են սպառման առարկա, որոնք կարող են հարվածել մեր քաղաքացու գրպանին: Այստեղ պետք է զգուշավոր քաղաքականություն վարենք և բանակցելով գանք այնպիսի տարբերակների, որոնք ընդունելի կլինեն և մեր տնտեսության համար բարդություններ չեն ստեղծի:

Երրորդ խումբն առնչվում է ժամանակակից տեխնիկային, ավտոմեքենաներին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Միաժամանակ, արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել, թե մեր երկրի արտադրողների համար ինչպես են կիրառվելու տեխնիկական կանոնները: Դրանք նույնականացնելու նպատակով իրականացվելու են բարեփոխումներ, և այս առումով Հայաստանի համար նախատեսվելու է սահուն մեխանիզմ:

Միասնական կանոններ պետք է ներդրվեն նաև ֆիտոսանիտարիայի բնագավառում, որպեսզի ՀՀ-ում արտադրվող ապրանքները համապատասխանեն ՄՄ կանոններին և չափանիշներին:

Տիգրան Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի իշխանությունների որոշումը կշռադատված է և ճիշտ, քանի որ մեր երկրի հիմնական շուկաներն այսօր գտնվում են ՄՄ-ի տարածքում:

«Մենք պետք է ակտիվ արդյունաբերական քաղաքականության միջոցով  նպաստենք ձեռնարկությունների հզորությունների  ավելացմանը, որպեսզի վերջիններս սկսեն ակտիվորեն աշխատել 170 միլիոնանոց շուկայում»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը կարևորել է ՄՄ-ին անդամակցության բանակցային գործընթացի ընթացքում երկխոսությունը Հայրենական ապրանքարտադրողների միության հետ, որպեսզի հայրենական արտադրողներն ամբողջությամբ իրազեկ լինեն հնարավոր փոփոխություններին:

Տիգրան Սարգսյանը միության անդամներին մաղթել է բեղմնավոր աշխատանք և կարևորել կառավարության հետ համագործակցությունը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31