Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Մանթաշի դպրոցը վերածվել է աշխույժ շինհրապարակի

Մարտ 04,2014 18:36

Մեծ Մանթաշ գյուղի դպրոցի 4 մասնաշենքերը կապող 5-րդ մասնաշենքի տարածքում սովորական շինարարական աշխատանքներ էին ընթանում, երբ մարտի 4-ին շինհրապարակ այցելեցին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը և նախարարության այլ պատասխանատուներ:

Տեղեկացնենք, որ 70-ական թվականներին կառուցված այս դպրոցը բաղկացած է եղել 7 մասնաշենքից և նախատեսված է եղել 1200 աշակերտի համար:  Վերակառուցման այս նախագիծը իրականացվել է 360 աշակերտական տեղի համար: Ներկայումս դպրոց է հաճախում 274 աշակերտ, որի պատճառով վերակառուցման են ենթարկվել 7 մասնաշենքերից 4-ը, իսկ ներքին բակի տեղում կառուցվում է 5-րդ նոր մասնաշենք:

1977883_697286460322306_1400734504_o

«Մեծ Մանթաշի դպրոցը քաղաքաշինության նախարարության որդեգրած կրթական, մշակութային և մարզական օբյեկտների հիմնանորոգման ու կառուցման առնչությամբ որդեգրած նոր ռազմավարական սկզբունքների համաձայն է վերակառուցվում: Նախ պարզվել է շենքի սեյսմազինվածության աստիճանը, որը  գնահատվել է 3-րդ կարգի վնասվածության, ապա ուժեղացման աշխատանքներ, որից  հետո  միայն սկսվել են վերակառուցման աշխատանքները»,- նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: Նա բացառեց անբավարար տեխնիկական վիճակում գտնվող օբյեկտներում հիմնանորոգումների իրականացումը` առանց դրանց ուժեղացման – վերականգնման աշխատանքների կատարման: «Նախ, վեր ենք հանելու բյուջեում ընդգրկված 2-րդ և 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող օբյեկտներն ու գնահատելու ենք դրանց սեյսմազինվածության աստիճանը: Ապա, իրականացնելու ենք ավելի մեծածավալ ու առավել հուսալի միջոցառումներ, որոնք հետագայում կապահովեն կարևորագույն օբյեկտների սեյսմիկ անվտանգության նվազագույն պահանջները»,- ընդգծեց նախարար Թադևոսյանը: Շրջայց կատարելով շինհրապարակի վերածված դպրոցի տարածքում` պարոն Թադևոսյանն իր գոհունակությունը հայտնեց շինարարներին կատարվող աշխատանքի որակի և ժամկետների պահպանման առնչությամբ` հույս հայտնելով, որ արդեն այս սեպտեմբերին գյուղի երեխաները կայցելեն վերակառուցված, հարմարավետ դպրոցը:

10004785_697286976988921_804214823_o

«Քաղաքաշինական» ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանը տեղեկացրեց, որ դպրոցի վերակառուցման աշխատանքները սկսվել են 2013 թվականին: Դպրոցի առաջին մասնաշենքի 1-ին հարկում տեղակայված են հանդերձարանները, տնօրինության, բժշկի սենյակը, ուսուցչանոցը, 290 տեղանոց հանդիսությունների դահլիճը` բեմով, հետբեմային սենյակով, հանդերձարաններով, գրադարանով:

Երկրորդ մասնաշենքում տեղադրված են սանհանգույցները, աշխատանքի ուսուցման արհեստանոցը, ճաշարանը իր խոհանոցով և օժանդակ շենքերով ու տարրական ուսուցման դասասենյակները: Երկրորդ և երրորդ մասնաշենքերում գտնվում են դասասենյակներ, լաբորատորիաներ և սանհանգույցներ: Չորրորդ մասնաշենքում են` մարզադահլիճը, հանդերձարանները, ցնցուղարանները, մարզագույքի և մարզիչի սենյակները, ռազմագիտության կաբինետը իր զինապահոցով և տնարարության կաբինետը:

Դպրոցի գլխավոր ճակատը երեսապատված է Անիի և Արթիկի սրբատաշ տուֆե սալերով: Մասնաշենքերի հին տանիքները փոխարինվել են նորերով, մինչ այդ կատարվել է ծածկերի ուժեղացման աշխատանքներ: Դպրոցում անցկացվում է կենտրոնական ջեռուցման համակարգ:

Դպրոցի վերակառուցման վրա, ընդհանուր առմամբ, կծախսվի շուրջ 500 մլն դրամ:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅԱՆ Եւ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈւԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31