Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աստղիկ Գեւորգյան. «Բարգավաճի «Ուրվագիծ» հաղորդաշարը, եթե իշխանությունները վերահսկելու լինեին՝ կվերահսկեին, չէ՞»

Մարտ 04,2014 18:27

«Հեռուստաընկերությունները որեւէ պարտավորվածություն չունեն իշխանությանը քարոզել: Նրանք մասնավոր հեռուստաընկերություններ են»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը:

Զեկույցն անդրադառնում է մեր երկրում 2013-ին մամուլի եւ խոսքի ազատությանը եւ նշվում, որ տպագիր, օնլայն եւ հեռարձակող մեդիան 2013-ի ընթացքում վերահսկվել է կամ, որպես կանոն, արտահայտել է իշխանամետ տեսակետներ: Ըստ զեկույցի, բացառությամբ ընտրություններին նախորդող 1-ամսյա ժամանակաշրջանի, հեռուստաընկերությունները միակողմանի են տեղեկատվություն տալիս եւ վախենում են քննադատել իշխանություններին՝ լիցենզիայից չզրկվելու, հարկային ընտրովի հետաքննություն չունենալու համար: Թերթերը մեծ մասամբ արտահայտում են սեփականատերերի եւ հովանավորների շահերը, որոնք հաճախ մոտ են կանգնած իշխանություններին: Իսկ օնլայն մեդիան եղել է հիմնական այլընտրանքային մեդիան, որն, ի տարբերություն հեռարձակող մեդիայի, քաղաքական բազմազան տեսակետներ է ներկայացրել: Ըստ զեկույցի, իշխանությունները, որպես կանոն, չեն վերահսկել օնլայն մեդիայի բովանդակությունը:

Աստղիկ Գեւորգյանին զարմացնում է ԱՄՆ պետդեպարտամենտի այս գնահատականը՝ հայաստանյան առցանց լրատվամիջոցների մասին. «Զարմանում եմ ճիշտն ասաց, որ կայքերին գերապատվություն են տալիս՝ պարբերական մամուլի կամ հեռուստաընկերության տեղեկատվական ծրագրերի հետ համեմատած: Կայքերում, իմ կարծիքով, անպատասխանատու ժուռնալիստիկա է: Որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում, երբ վարկաբեկում է, սխալ տեղեկատվություն է տարածում: Ամենամեծ ցավն այն է, որ առանց ստուգելու ինֆորմացիայի իսկությունը՝ մյուսները վերցնում եւ տարածում են: Ինձ համար կայքերը վստահելի չեն, բացարձակապես պատասխանատվության զգացում չկա: Տեղադրում են՝ ինչ ուզում են: Իհարկե, կա այդ ազատությունը, բայց նրանք այդ ազատութունը ճիշտ չեն օգտագործում: Անձի արժանապատվությունը վիրավորելու բազմաթիվ օրինակներ կան, սխալ տեղեկատվության բազմաթիվ օրինակներ կան: Շատ կուզենայի, որ կայքերը ստուգված տեղեկատվություն տային»:

Մեր հարցին՝ համաձա՞յն եք, որ հեռուստաընկերությունների տեղեկատվությունը բազմակողմանի չէ, ինչպես նշված է զեկույցում՝ Աստղիկ Գեւորգյանը պատասխանեց. «Հեռուստաընկերությունը շատ խնդիրներ ունի՝ կրթելու խնդիր ունի, մշակութային անդրադարձի խնդիր ունի: Տեղեկատվություն կա, բայց խորքային վերլուծությունն է պակասում մեզ: Ինչ-որ հարցազրույց էլ, որ անում են, դա էլ լինում է ուղղորդված: ՀՀԿ-ն գունավոր է ներկայացնում ամեն ինչ, ԲՀԿ-ն քննադատում է, ՀԱԿ-ը քննադատում է: Վերլուծական մի հետաքրքիր նյութ չեն տալիս: Մեր հեռուստադիտողն արդյոք կարո՞ղ է բոլորին լսել եւ կողմնորոշվել, դրա մասին է խոսքը»:

Մենք ճշտեցինք, այսինքն` համաձայն չե՞ք պետդեպարտամենտի գնահատականներին, որ հեռուստաընկերությունները վերահսկվում են՝ Աստղիկ Գեւորգյանը պատասխանեց. «Ես չեմ կարող կիսել իրենց գնահատականը հատկապես սոցցանցերի վերաբերյալ, որովհետեւ աղավաղում են ամբողջ իրականությունը, ինչ ուզում են, անում են, վարկաբեկիչ նյութեր են տեղադրում եւ հիպնոսացնում են մթնոլորտը»:

Մեր հարցին՝ ավելի լավ է դաշտը վերահսկեն իշխանությունները, քան այդչափ ազատությո՞ւն լինի՝ տիկին Գեւորգյանը պատասխանեց. «Չէ, ԶԼՄ-ների գործունեությունը չպետք է վերահսկվի: Ես համաձայն չեմ, երբեք: Կարո՞ղ է ես ուզենամ, որ նորից գլավլիտ լինի մեր երկրում»:

Աստղիկ Գեւորգյանը վստահեցրեց, որ հեռուստաընկերություններն ազատ են իրենց գաղափարախոսությունը տարածելու եւ որեւէ մեկը չի կարող միջամտել. «Չէի ասի, որ բացի «Երկիր մեդիայից» ու «Կենտրոնից», մյուս հեռուստաընկերությունները իշխանամետ են: Օրինակ, «Շանթը» շատ է քննադատում: Ես ամբողջ արտադրանքը չեմ նայում, բայց տեսնում եմ, որ բավականին տարակարծություն կա: Բարգավաճի «Ուրվագիծ» հաղորդաշարը, եթե իշխանությունները վերահսկելու լինեին՝ կվերահսկեին, չէ՞ Պետրոս Ղազարյանին: Այսօր ինչ ահավոր միակողմանիություն կա, մինչդեռ այսպես չէր ընդամենը 3-4 տարի առաջ, երբ որ ինքը կոալիցիայի անդամ էր»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31