Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտին է մոտենում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք, որ ամբաստանյալները թվով 4- են` Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարող տեսուչներ Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատրյանը, ով փախուստի մեջ է, և վճարումների ծառայության ստորաբաժանման նախկին պատասխանատու Ռուբեն Մնացականյանը, ով Հ1-ի մեկնաբան Նվեր Մնացականյանի եղբայրն է ու միակ կալանավորվածը այս գործով: Նրանք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր սարքելու, պետությունից առանձնապես խոշոր չափի` 91.566.229 ՀՀ դրամի կենսաթոշակի, թաղման, նպաստի եւ ժառանգվող գումար հափշտակելու մեջ:
Նախորդ դատական նիստին դատախազը պահանջել էր 4 տարվա պատիժ Էդուարդ Վարժապետյանի ու Արթուր Աբրահամյանի համար, 5 տարվա ազատազրկում Կիմա Փիլոյանի և 3,5 տարվա ազատազրկում Ռուբեն Մնացականյանի համար: Այսօր պաշտպանական ճառով հանդես պիտի գային վերջիններիս փաստաբանները:
Գյումրու տարածքային բաժնի նախկին պետ Էդուարդ Վարժապետյանի փաստաբան Սուսաննա Մխիթարյանն ասաց, որ իր պաշտպանյալը ընդունում է իր մեղքը, հատուցել է պետությանը պատճառած վնասը` 4 միլիոն 300 հազար դրամը, խնդրեց համաներում կիրառել նրա նկատմամբ: Փաստաբանը թվարկեց նրա անցյալը` նշելով, որ Էդուարդ Վարժապետյանը 1983 թվականից տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել. քաղսովետի դեպուտատ է եղել, պարգևատրվել է վարչապետի կողմից, ինչպես նաև ստացել է Մարշալ Բաղրամյան հուշամեդալով, երկու անգամ ավագանու անդամ է եղել: Փաստաբանը նշեց նաև, որ նախաքննության մեջ ներկայացված 9 էպիզոդից ընդամենը մեկ վկայի ապացույցով է հիմնավորվել իր վստահորդի կատարածը, որը և լուրջ խնդիր է:
Այնուհետ դատավոր Էդուարդ Մանուկյանը ձայն տվեց Ռուբեն Մնացականյանի փաստաբան Հովսեփյանին, ով սակայն հայտարարեց. «Ես կճառեմ միայն փաստաբան Յայլոյանի ճառից հետո»:
Կարդացեք նաև
Պաշտպանական ճառի հերթը հասավ Արթուր Աբրահամյանի փաստաբան Թամարա Յայոլյանին, ով ասաց, որ չի կարող ելույթ ունենալ, քանի որ իր պաշտպանյալը փոխել է իր դիրքորոշումը: «Ես այլ պաշտպանական ճառ էի պատրաստել, բայց հենց նոր տեղեկացա, որ իմ պաշտպանյալը իր դիրքորոշումն է փոխել, իսկ սա նշանակում է իմ գրած այժմյան ճառը ուժի մեջ չէ, ես նոր ճառ պիտի պատրաստեմ»: Վերջինս դատավոր Էդուարդ Մանուկյանից 10 օր ժամանակ խնդրեց նախապատրաստվելու համար: Դատավորն էլ Թամարա Յայլոյանին ասաց. «Հովսեփյանն ասում է` մինչև դու չճառես, ես չեմ ճառի, 10 օր ժամանա՞կ, էս ի՞նչ բան է, Ուկրանիայի մայդա՞նն է »:
Չճառողների փոխարեն ելույթ ունեցավ Նվեր Մնացականյանի եղբայրը` Ռուբեն Մնացականյանը, ով մեկ անգամ ևս համոզված ասաց, որ Արթուր Աբրահամյանը, ով իր վրա վերցրել է առաջադրված ամբողջ մեղադրանքը, անմեղ է և որ այս թալանը հղկված ավազակախմբի կամ ժուլիկների ձեռքի գործն է, որոնք մոլորության մեջ են գցել անգամ քննչական խմբին: Իսկ տեսուչները, ըստ ամբաստանյալի, այդ մեխանիզմից տեղյակ չեն:
Մանրամասները` տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ