«Մարտի մեկին տեղի ունեցած հանրահավաքի շեշտադրումներից մեկն էլ այն է, որ Մաքսային միությունը դառնում է երկրի զարգացման համար այլընտրանք չունեցող ուղղություն նաև ընդդիմության համար»,-«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսպես է մեկնաբանում Մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի սկզբունքային դրույթներից մեկը:
Այսինքն՝ ստացվում է, որ երկրի արտաքին քաղաքական կուրսի և երկրի զարգացման հետագա քաղաքական վեկտորի վերաբերյալ «ոչ իշխանական ուժերի» և իշխանության մոտեցումները գրեթե համընկնում են և պարզ չէ, թե որոնք են սկզբունքային տարբերությունները:
Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքական միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը ևս փաստեց այս հանգամանքն ու այդ առիթով նկատեց. «Սա վկայում է այն մասին, որ ոչ իշխանական ուժերը ինչպես և իշխանությունը նույնչափ կտրված են հասարակությունից, նույնչափ կապ չունեն հասարակության բուն շահերի հետ, և պարզապես համակարգի ներսում ուղղակի կռիվ է տեղի ունենում ինչ-որ հնարավորությունների շուրջ, հիմնականում նյութական հնարավորությունների շուրջ»:
Մեր այն դիտարկմանը՝ ստացվում է, որ ոչ իշխանական ուժերի բարձրացրած մտահոգություններն ինչ-որ առումով արհեստակա՞ն են: Պարոն Մեհրաբյանն այսպես արձագանքեց. «ՀՀ քաղաքական դաշտի կողմից ձևավորված այդ պսեվդո օրակարգը կապ չունի հասարակության իրական շահերի և պահանջմունքների հետ, կապ չունի նաև մեր պետության շահերի հետ»:
Կարդացեք նաև
Պարոն Մեհրաբյանին որպես հակադարձում՝ օրինակ բերեցինք Թևան Պողոսյանի այն հայտարարությունը, թե «իրենք օրակարգային հարցերի քննարկման են մասնակցում և իսկապես կարողացել են անցած քառօրյայում օրակարգ թելադրել: Օրակարգային համատեղ նախաձեռնություններ կունենան»: Այս առիթով Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Դրանք հարցեր են, որոնք եթե նույնիսկ որակենք՝ որպես պայքար, ապա դա պայքար է ոչ թե պատճառների, այլ հետևանքների: Ի՞նչ է, նոր կառավարությունը, որ եկավ, նա ա՞յլ սկզբունքներով է աշխատելու: Իհարկե՝ ոչ: Այսինքն՝ Տիգրան Սարգսյանին փոխել Պողոս Պետրոսյանո՞վ, ի՞նչ է փոխվելու, նա լինելու է Տիգրան Սարգսյան-2: Կամ գազային խնդիրները, դրանք սեպտեմբերի 3-ի հայտարարության հետևանքներն են»:
Մեր այն դիտարկմանը, թե հակասություն չի՞ առաջանում. մի կողմից ոչ իշխանական ուժերը պայքարում են գազային համաձայնագրերի դեմ, մյուս կողմից այդ խնդրի բուն պատճառին՝ Մաքսային միության անդամակցությանը դեմ հանդես չեն գալիս: Պարոն Մեհրաբյանը արձագանքեց. «Այս հակասությունը ցույց է տալիս, որ բացի իմիտացիոն քամի տատանելուց, որևէ այլ բան չկա և չպետք է սպասել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ