Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 86 ՀԿ

Մարտ 04,2014 17:52

Մարտի 4-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Ավետիս Բերբերյանը (ՀՀ նախագահի օգնական), Կարեն Ավագյանը (ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող), Արուսյակ Պողոսյանը (ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար), Ալիկ Բեժանյանը (ՀԵՀ գլխավոր հաշվապահ), Ալեքսանդր Բազարչյանը (ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական և վերլուծական հարցերով փոխտնօրեն), Հայկ Գալստյանը (ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության պետ), Արփինե Հակոբյանը («ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ), Նարինե Մովսիսյանը (Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի հակածխախոտային ծրագրերի ղեկավար), Սուրեն Մանուկյանը (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն), Հայկ Մարկոսյանը (ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվական քաղաքականության բաժնի պետի տեղակալ։

Նիստի ընթացքում բացվեցին Հայաստանի նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների համար հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների դիմում-հայտերը, հրապարակվեցին հայտատու կազմակերպությունների անունները։

Դրամաշնորհ ստանալու համար 19 անվանակարգում դիմել է 86 հասարակական կազմակերպություն։ Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին ՀՀ նախագահ աշխատակազմից հատկացվող դրամաշնորհի համար դիմել էր 19 կազմակերպություն։

Մրցութային հանձնաժողովի անդամներն առաջիկա օրերին կուսումնասիրեն ՀԿ-ների ներկայացրած փաթեթները և կորոշվեն հաղթող կազմակերպություններին։
Մրցութային հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Բազարչյանը ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի համար դիմողների թվի շուրջ 4,5 անգամ ավելացումը պայմանավորեց վստահության խնդրով։ «Հասարակական կազմակերպությունները շատ հեշտ են միմյանց հետ կապվում, և տեղեկատվությունը շատ արագ է փոխանցվում»,- նշեց պարոն Բազարչյանը։

Հանձնաժողովի անդամ Հայկ Մարկոսյանն էլ հատկապես ընդգծեց «Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում», «Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի մերօրյա հերոսներ» անվանակարգերը՝ շեշտելով, որ այդ խորագրերով ծրագրերը խիստ կարևոր են ոչ պատերազմ-ոչ խաղաղություն պայմաններում ապրող երկրի համար։

Նիստին մասնակցում էին նաև մրցույթին հայտ ներկայացրած ՀԿ-ների ներկայացուցիչներ։ «Օրենքի ուժով» իրավապաշտպան ՀԿ-ն ներկայացնող Արմեն Մարուքյանը կարևորեց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված անվանակարգերի ընդգրկումը ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շրջանակներում։ «Ուզում եմ առանձնացնել «Հայոց ցեղասպանության՝ իբրև մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում» անվանակարգը։ Մեր օրերում այն խիստ արդիական է, որովհետև համայն հայության համար խնդիր է ոչ միայն Ցեղասպանության միջազգային ճանաչումը, այլև հատուցման հարցը։ Իսկ դրան հնարավոր է հասնել միջազգային դատական ատյան դիմելու ճանապարհով, և ակնհայտ է, որ առաջանում է թղթածրարի պատրաստման խնդիրը»,- նշեց պարոն Մարուքյանը՝ շեշտելով, որ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված անվանակարգերը բավականին հստակ են և արդիական։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31