Լրահոս
Օրվա լրահոսը

Պետեկամուտների ներկայացուցիչն աննկատ լքեց քննարկումը

Մարտ 04,2014 17:23

ՀՀ սոցապ նախարարության ներկայացուցիչ Արամայիս Շահինյանն այսօր, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կազմակերպած` պարտադիր կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ քննարկման ժամանակ բավական անհարմար վիճակի մեջ ընկավ: Նախարարության երիտասարդ աշխատակիցը բառիս բուն իմաստով ատամներով փորձում էր պահել կառավարական այն տեսակետը, որ համակարգը բարեփոխում է, այն էլ շատ լավ, որն ուղղված է ՀՀ քաղաքացիների ապագային: Սակայն, քննարկմանը ներկաների բոլոր մտահոգությունները, հնչեցրած հարցերը, պետական չինովնիկի կողմից այդպես էլ հստակ պատասխաններ չստացան, դրանք ուղեկցվում էին համակարգի գովքով:

Ներկաներից մեկը հետաքրքրվեց, օրինակ, թե հնարավո՞ր է, օրենքում փոփոխություն կատարվի եւ հինգ տոկոսի փոխարեն ասենք քառասուն տոկոս որոշվի պահել`պատճառաբանելով, որ մարդիկ արտագաղթել են, աշխատողների թիվը պակասել է եւ հինգ տոկոսն այլեւս բավարար չէ: «Չէ: Ինչպես որ դուք եք առաջնորդվել, երկարաժամկետ խնայողություններ կատարելով, այնպես էլ… մի մտածեք, որ այդ մտածելակերպով չեն առաջնորդվել այս բարեփոխումը մշակողները: Սրանք մշակվել են 10 տարվա ընթացքում, հաշվի են առնվել բոլոր մարտահրավերները, որոշ մարտահրավերներ, միգուցե, բաց են թողնվել, բայց մենք ձեռքներս ծալած չենք նստում, համակարգը ճկուն է: Հնարավոր է լինեն մարտահրավերներ, որոնք մենք հաշվի չենք առել, եթե լինի նման բան համապատասխան որոշում կկայացվի»,- ասաց սոցապ նախարարության ներկայացուցիչը`շարունակելով, որ ՀՀ-ում բազային կենսաթոշակը՝ 14 հազար դրամը բարձրանալու է` մինչև հասնի սպառողական զամբյուղին. «Չպետք է անտեսել այն փաստը, որ երկրում ստեղծելու են երկար փողեր, որոնք սրսկվելու են մեր տնտեսության մեջ, որը տալու է իր արդյունքը: Գումարները պահում են: Դա ձեր անձնական գումարն է սա հարկ չի: Մենք խնայում ենք մեր 5 տոկոսը, իսկ պետությունն էլ իր հերթին է 5 տոկոս ավելացնելու: Իսկ այդ գումարները գնալու են մեզ համար աշխատելու: Մենք ստիպված ենք այսօր խնայել, որպեսզի հետագայում ստանանք կենսաթոշակ ոչ թե երկրում գործող միջին կենսաթոշակի համադրությամբ, այլ իր անձական կենսաթոշակի համադրությամբ»:

Հարցերից մեկն էլ, թե ինչու պետք է 1974 թվականին ծնված քաղաքացիները կրկնակի վճարում կատարեն կենսաթոշակային ֆոնդին, այդպես էլ անպատասխան մնաց:

Բանախոսին ընդհատեց ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը`նկատելով. «Բազմաթիվ բաներ եք ասում, որոնք իրականության հետ կապ չունեն եւ հիմնված են մասնագիտական-մանիպուլյացիոն հաշվարկների վրա: Դուք պնդումներ եք անում բաների մասին, որի իրավասությունը չունեք»: Բանախոսն, իհարկե, չհամաձայնեց այդ դիտարկումների հետ, բայց նաեւ անպատասխան մնացին հետագա բոլոր նուրբ մասնագիտական հարցերը, որոնք հնչեցրեց պատգամավորը`իր բազմամյա աշխատանքային փորձից ելնելով: Պատգամավորը վստահեցրեց, որ ՍԴ-ում անպայման հաղթանակ է լինելու:

Այնուհետեւ, անհարմար դրության մեջ հայտնվելու հերթը ՀՀ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Նարինե Տիտիզյանինն էր, ով եւս չկարողացավ պատվով հաղթահարել հարցերի տեղատարափը: Նա անգամ չկարողացավ որեւէ տեղ նշել, որտեղ մարդիկ կարող են ծանոթանալ գումարները տնօրինող ֆոնդերի ռեյտինգներին: Ասաց, որ ինքը համոզված է, որ եթե այդ ֆոնդերը բարձր ռեյտինգ չունենային`չէին ընտրվի: Այնուհանդերձ, խոստացավ, որ հետագայում կտրամադրի այդ տեղեկությունը: Հարցի հեղինակն ասաց, որ հետամուտ է լինելու:

Քննարկման ընթացքում, ի դեպ, պետեկամուտների ներկայացուցիչը աննկատ հեռացավ`խուսափելով համանման իրավիճակում հայտնվելուց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31