Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ փոխհամաձայնության են եկել ԱՄՆ-ն, Արևմուտքն ու Ռուսաստանը և ի՞նչ ակնկալել Ռուսաստանից

Մարտ 04,2014 17:18

Ուկրաինական հեղափոխությունից հետո առավել արդիական է դարձել այն հարցը, թե այդ զարգացումները ինչ ազդեցություն կունենան մեր տարածաշրջանի` Հարավային  Կովկասի վրա: Ռուսաստանն ի՞նչ գործողությունների կդիմի, ինչպիսի՞ հնարավոր ճնշումների կարող է ենթարկվել Հայաստանը: Այն, որ Ռուսաստանը, արևմուտքն ու ԱՄՆ-ն ինչ-ինչ փոխհամաձայնությունների են ցանկանում գալ, ենթադրելի է նաև շարքային քաղաքացու համար: Եվ պարտադիր չէ քաղաքագետ լինել հասկանալու, որ ուկրաինական զարգացումներում ուկրաինացի ժողովրդի` իրական պահանջներից և ազատության ձգտումներից բացի կա լուրջ աշխարհաքաղաքական շահերի բախում հենց գերտերությունների միջև:

«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը իրադարձությունների հետագա ընթացքը պայմանավորում է նաև այն հանգամանքով, թե Կրեմլը կշարունակի՞ իր կայսերապետական քաղաքականությունը, որի մասին Պուտինը դեկտեմբերի 2-ին ՀՀ-ում հայտարարեց` նշելով, որ ՌԴ ներկայությունը կմեծանա Հարավային Կովկասում, թե` ոչ: Այստեղ գերակա է նաև Ղրիմի հարցը, որն այս օրերին մղվել է առաջին պլան: Դավիթ Շահնազարյանի կարծիքով` միջազգային իրավունքի և պարտավորությունների համաձայն՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվել է ագրեսիա և Ղրիմի օկուպացիա: Դավիթ Շահնազարյանի եզրահանգումն այս է. «Այն զարգացումները, որ իրականում տեղի են ունենում, չեն արտահայտում Ղրիմի ցանկությունը, դրանք ՌԴ-ի կողմից գործադրված ճնշման արգասիք են»:

Պարոն Շահնազարյանը պնդում է, թե որևէ կերպ չի կարելի Ղրիմի Գերագույն ռադայի որոշումը համարել օրինական, որովհետև այն կայացվել է զինված գրոհայինների ներկայությամբ: Ավելին՝ արևելյան շրջանում հանրահավաքի մասնակիցների մեծ մասը Ռուսաստանից բերված մարդիկ են, այնտեղի քաղաքացիներ: Ըստ Շահնազարյանի` Ռուսաստանը մարտահրավեր է նետել միջազգային հանրությանը՝փորձելով թելադրել իր կանոնները: Այստեղ մեկ այլ հարց է առաջանում` համարժե՞ք է արդյոք Արևմուտքի պատասխանը՝ ընդդեմ ՌԴ-ի: Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ՝ արևմտյան արձագանքն աննախադեպ է, բավարար է, թե՝ ոչ, պարզ կլինի առաջիկա 72 ժամվա ընթացքում:

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այս հարցում սկզբունքորեն այլ տեսակետ ունի. «Արևմուտքի արձագանքն աննախադեպ կարելի էր համարել, եթե հնչեին «էմբարգո» և «գազ» բառերը, բայց դրանք չկան: Ինչ վերաբերում է Ղրիմում Ռուսաստանի կողմից ռազմական գործողություններին, ապա դրա կարիքը չկա, որովհետև Ղրիմում մեծ թվով էթնիկ ռուս է բնակվում, միայն Սևաստապոլում՝ ռուսները կազմում են բնակչության 60 տոկոսը: Ռուսաստանի ազդեցությունը առկա է ողջ արևելյան հատվածում և մտածել, որ տեղի ունեցող իրադարձությունները չեն տարածվի Ղրիմի վրա, մեղմ ասած, հիմարություն է, այն էլ Ուկրաինայում առկա պետականության կոլապսի պարագայում:Պուտինն իրեն պահում է այնպես, ինչպես պիտի պահեր. ի՞նչ էիք սպասում, որ Պուտինը սրան ի պատասխան ծաղիկնե՞ր բաժաներ Ուկրաինայում»:

Դավիթ Շահնազարյանը հակադարձեց. «Արևմուտքը ևս զերծ չի մնացել սխալներից, իսկ ամենամեծն այն է, որ ոչ մի կերպ չի ուզում համակերպվել հետևյալ փաստի հետ՝ հանձին այսօրվա Ռուսաստանի, վերածնվել է չարիքի կայսրությունը, որը շատ ավելի անկանխատեսելի է, քան խորհրդային միությունը»:

Իսկ ո՞րը պետք է լինի Հայաստանի հետագա պահվածքը:  Դավիթ Շահնազարյանը չբացառեց, որ ՌԴ-ն կփորձի ճնշում գործադրել և ինչ-որ պահի մեր երկրին կստիպի հօգուտ իրեն հայտարարություն անել, բայց միևնույն ժամանակ հույս հայտնեց, որ ՀՀ իշխանությունները այնքան խելամտություն կունենան, որ գոնե այն լռությունը, որ այսօր կա, կկարողանան պահպանել, և կկարողանան պահպանել «Լեոպոլդ կատվի կեցվածքը»` «давайте жить дружно» սկզբունքով:

Այս ամենից ելնելով Դավիթ Շահնազարյանն այսպիսի կանխատեսում է անում. «Չի բացառվում, որ Ռուսաստանը ակտիվ գործողություններ ձեռնարկի նաև մեր տարածաշրջանում» :

Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանից հետաքրքրվեց` հնարավո՞ր է Ռուսաստանի կողմից ակտիվ գործողություններ իրականացվեն մեր տարածաշրջանում: Նա պատասխանեց. «Ռուսաստանն  աշխարհով մեկ ակտիվ գործողություններ է իրականացնում ամեն օր: Դժվար է  պատկերացնել, որ մեր տարածաշրջանում դա չանի: Միևնույն ժամանակ ռուսական շահերի շրջանակը միայն փոքր երկրների առանձին խնդիրներով չի սահմանափակվում, նրան ավելի մեծ շահեր են հետաքրքրում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31