Մամուլի ազգային ակումբում հավաքված քաղաքական-հասարակական գործիչները այսօր քննարկում էին Ուկրաինայի դասերը Հայաստանի համար: «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը հույս հայտնեց, որ մեր իշխանավորներն էլ են նայել այն կադրերը, որոնցում ցուցադրվում են Յանուկովիչի, Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազի ունեցվածքը՝ նրանց փախուստից հետո. «Գոնե կմտածեն, որ այդ ուղտը կարող է իրենց դռանն էլ մի օր չոքել, եւ իրենց դղյակների դռներն էլ մի օր անսպասելիորեն կբացվեն: Այնքան անսպասելիորեն, որ չէին կարողացել անգամ թաքցնել իրենց մերկ նկարները գոնե»:
Տիկին Օհանյանը կանխատեսեց, որ Ուկրաինայում պայթյունավտանգ իրավիճակը երկար չի տեւի. «Արագ մարելու եւ կարգավորվելու է իրավիճակը, մի քանի օրվա բան է: Պուտինի քայլերի հաջորդականությունն արդեն երեւում է, նա ինչ-որ բաներից արդեն արագ հետ է կանգնում: Պուտինյան Ռուսաստանը չունի այն հզորությունը, որ ամբողջ Արեւմուտքի դեմ գնա եւ հասնի հաջողության: Եվ դա մեզ պետք է դաս լինի, որ Ռուսաստանի հետ պետք չի ապագա կապել: Հասարակությունն էլ պիտի տեսնի եւ հասկանա, որ «սատանան այնքան սարսափելի չի, որքան թվում է»՝ պետք չի Ռուսաստանից դողալ: Ղրիմի դեպքերը շարունակություն, արձագանքներ են ունենալու, եւ շատ մեծ հարց է, թե ինչ կմնա Ռուսաստանից»:
Իսկ 1in.am կայքի եւ «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը կարծում է, որ ինչպես մեր իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունն ամեն ինչ անում են, որ Հայաստանի համար Մայդանն անխուսափելի դառնա: Նա տարօրինակ է համարում, որ մեր երկրում պարտադիր կուտակային կենսաթոշակների հարցը շատ ավելի կարեւոր է դիտվում, քան երկրի քաղաքական կողմնորոշման խնդիրը, եւ հիշեցնում, որ հակապուտինյան երթին մի քանի հարյուր մարդ էր ընդամենը մասնակցում, իսկ կուտակային կենսաթոշակների դեմ պայքարին հազարավորներ են միացել՝ «այդ թվում չարաբաստիկ «ոչ իշխանական» կոչվող ուժերը»:
Ազգային ժողովրդավարական միություն՝ ԱԺՄ կուսակցության անդամ Անահիտ Աղոյանը կարծում է, որ Հայաստանը ամեն կերպ պետք է խուսափի այն բանից, որ մեզ մոտ կրկնվեն Ուկրաինայի դեպքերը, եւ մեր քաղաքական ուժերը պետք է մտածեն, թե ինչպես իրադարձությունները զարգանան, որ մեզ վնաս չլինի, քանի որ «Հայաստանը ցնցումներին չի դիմանա»: Նա, համեմատելով Յանուկովիչին Սերժ Սարգսյանի հետ, կարծիք հայտնեց, որ վերջինս «ազգային կերպար» ունի, բայց նաեւ նկատեց՝ «դա մեր վերքերին դարման չի»:
Կարդացեք նաև
Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ շեշտը դրեց այն փաստի վրա, որ Յանուկովիչը գոնե լեգիտիմորեն ընտրվել էր մի քանի տարի առաջ, իսկ մենք՝ «այդպես էլ կարոտ մնացինք մի լեգիտիմ իշխանության»:
Իսկ երբ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, խոսելով 20-րդ դարի գաղափարախոսությունների մասին, ասաց, որ երեք հիմնական գաղափարախոսություն է տվել մեզ այդ դարը՝ լիբերալ, մարքսիստական եւ ֆաշիստական, եւ եթե լիբերալը կաղում է, կամ ձախակողմյանը կամ ծայրահեղ աջերը ակտիվանում են, եւ Ուկրաինայում հիմա ազգայնականների ակտիվացումը դրա հետ է կապված, ներկաները հետաքրքրվեցին, թե՝ ֆաշիստական գաղափարախոսության կրողը Հայաստանում ո՞րն է, «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Արմեն Առաքելյանը միանգամից հուշեց՝ Հանրապետականը, պարզ չի՞, ինչո՞վ է տարբերվում Նժդեհը Բանդերայից: Հմայակ Հովհաննիսյանը եւ մյուսները արագ համաձայնվեցին:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ