«Եթե նման բան են հայտարարել, ես գտնում եմ, որ դա պրոֆեսիոնալ մոտեցում չէ, անձնական խնդիրներ չկան եւ ոչ էլ անձնական հարցերից պետք է կախվեն. ինձ հետ, որպես բաժանորդ, դա կապ չունի: Այդտեղ այլ խնդիր կա, որի համար իրենք մեղավոր են, իմ մոր հետ է խնդիր եղել, ոչ թե ինձ հետ, պետք չէ շփոթել ինձ այդ խնդրում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Մակարյանը` արձագանքելով երեկ «Թերթ» կայքին տված հարցազրույցում «Գազպրոմ Արմենիա» ընկերության լրատվական ծառայության ղեկավարի այն հայտարարությանը,
որ Գործատուների հանրապետական միության ղեկավար Գագիկ Մակարյանը գազի ապօրինի խողովակ է անցկացրել իր բնակարան:
Հիշեցնենք, որ պարոն Մակարյանը «Գազպրոմ Արմենիային» մեղադրել է մի շարք խորամանկությունների մեջ: Մասնավորապես, պարոն Մակարյանն ասել էր. «Ընկերությունը ոչ թե կալորիականության մեջ է խաբում սպառողին, այլ սահմանված գործակցով հաշվարկի մեջ, որի հարցով միությանը մի շարք ընկերություններ են դիմել»:
Իսկ «Գազպրոմ Արմենիայի» լրատվական ծառայությունն էլ, ի պատասխան ասել էր, որ հենց Մակարյանն է խորամանկ քայլի դիմել:
Պարոն Մակարյանը նաեւ վստահեցրեց. «Մենք հիմա շատ ավելի հետաքրքիր փաստեր ունենք տարբեր հիմնարկներից, որը շուտով կհրապարակենք, որոշ պետական մարմիներին էլ կտրամադրենք, որպեսզի զբաղվեն իրենց հարցերով: Մենք պրոֆեսիոնալ ենք աշխատում, եւ իրենց ընկերության վարքագծի կանոնակարգման խնդիր կա, որը կարեւոր է մեր երկրի տնտեսության համար, դրա համար իրենք պետք է գնան այդ ճանապարհով, որ այդ ամենը լավացնեն»:
Հիշեցնենք, որ Գործատուների հանրապետական միությունը պարբերաբար անդրադարձել է «Գազպրոմ Արմենիայի» աշխատանքային «ոճին» եւ տարբեր հարցերում մեղադրել ընկերությանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ