Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. «Բացառություն են «Երկիր մեդիան» եւ «Կենտրոնը»

Մարտ 04,2014 17:02

«Տպագիր, օնլայն եւ հեռարձակող մեդիան 2013-ի ընթացքում վերահսկվել է կամ, որպես կանոն, արտահայտել է իշխանամետ տեսակետներ»,- հայաստանյան մեդիայի ազատության մասին այսպիսի տեսակետ է հրապարակել ԱՄՆ պետդեպարտամենտը «Մարդու իրավունքներ 2013. Հայաստան» տարեկան զեկույցում, որտեղ անդրադարձել է նաեւ երկրում մամուլի եւ խոսքի ազատությանը:

Զեկույցում նշվել է լուրերի հաղորդավար Արմեն Դուլյանի օրինակը, երբ նրան «Շանթ» հեռուստաընկերությունն ազատել էր աշխատանքից՝ սոցցանցում Հայաստանի եւ ՌԴ-ի մեդիայի վիճակի մասին զուգահեռներ անցկացնելու համար: Ըստ զեկույցի, բացառությամբ ընտրություններին նախորդող 1-ամսյա ժամանակաշրջանի, հեռուստաընկերությունները միակողմանի են տեղեկատվություն տալիս եւ վախենում են քննադատել իշխանություններին՝ լիցենզիայից չզրկվելու, հարկային ընտրովի հետաքննություն չունենալու համար: «Ավանդական մեդիայում հիմնականում բացակայում է քաղաքական կարծիքի բազմազանությունն ու օբյեկտիվությունը»,- ասվում է զեկույցում:

Ինչ վերաբերում է թերթերին, ըստ զեկույցի, դրանք մեծ մասամբ արտահայտում են սեփականատերերի եւ հովանավորների շահերը, որոնք հաճախ մոտ են կանգնած իշխանություններին:

Այս առնչությամբ Aravot.am-ը «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հ/կ նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվեց՝ համաձա՞յն է այս գնահատականների հետ եւ ինչքանո՞վ են դրանք արտացոլում մեր երկրում խոսքի ազատության իրական պատկերը: Ըստ պարոն Մելիքյանի, ԱՄՆ պետդեպարտամենտի այդ գնահատականները շատ ավելի մոտ են իրականությանը, քան վերջերս հրապարակված «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գնահատականները:

Հիշեցնենք, որ ըստ այդ կազմակերպության ուսումնասիրության, թեպետ Հայաստանն անցած տարվա համեմատ նահանջել է 4 հորիզոնականով, սակայն նրա մամուլի եւ խոսքի ազատության ցուցանիշը լավագույնն է տարածաշրջանում:

Աշոտ Մելիքյանի խոսքերով՝ «Հայաստանում մանավանդ հեռարձակման ոլորտն ամբողջությամբ գտնվում է վերահսկողության տակ: Ուղղակի վերջին խորհրդարանական  ընտրություններից հետո, երբ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի մաս չկազմեցին, նրանց ենթարկվող  եւ նրանց հարող հեռուստաընկերությունները շարունակեցին գործել եւ հիմա մի քիչ տարբերություն կա, եթե համեմատենք այլ ժամանակաշրջանի հետ, երբ նաեւ այդ կուսակցություններն էին իշխող կոալիցիայի մեջ: Որոշ փոփոխություններ նկատվում է, բայց դա չի նշանակում, որ հայաստանյան եթերն ապահովում է իր պարտականությունները, որովհետեւ, ասենք, «Կենտրոն» հեռուստաընկերությունը հիմնականում քարոզում է ԲՀԿ-ի տեսակետները, «Երկիր մեդիան» իհարկե, մի քիչ քիչ, բայց , այնուամենայնիվ, Դաշնակցության դիրքորոշումներն է ներկայացնում: Այնպես որ,  մենք չունենք որեւէ հեռուստաընկերություն, որը լինի հավասարակշռված: Մենք գիտենք, որ բոլոր հեռուստաընկերություններն արտահայտում են իշխանությունների տեսակետը, բացառությամբ «Երկիր մեդիայի» եւ «Կենտրոնի»:

Ինչ վերաբերում է տպագիր մամուլին, պարոն Մելիքյանը նշեց, որ անկախ լրատվամիջոցները շատ քիչ են, մատների վրա կարելի է հաշվել. «Հարաբերական իմաստով են նրանք անկախ: Հիմնականում տպագիր մամուլը բաժանված է տարբեր քաղաքական եւ տնտեսական ճամբարների, սպասարկում է նրանց շահերը: Այստեղ նույնպես պետդեպարտամենտի գնահատականները ճիշտ են: Առցանց լրատվամիջոցներն ավելի ազատ են, դա միջազգային կառույցներն էլ են նկատում, բայց այստեղ էլ նկատվում է որոշ քաղաքական ուժերի եւ տնտեսական կլանների փորձերը՝ դրանք նույնպես վերահսկելու: Այնպիսի առաջարկներ են անում, որոնցից դժվար է հրաժարվել: Խոսքը ֆինանսական աջակցության մասին է: Իսկ ֆինանսական աջակցությունից հետո արդեն վերահսկողության են տանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31