Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ն իր պարզաբանումով հաստատում է`պարտադիր կուտակային վճարներ չեն կարող արվել

Մարտ 04,2014 16:38

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ՏՏ ոլորտի ընկերություններից պարբերաբար գրություններ է ստանում ընկերություններում ստեղծված անորոշության, ՏՏ ոլորտի աշխատակիցների շրջանում տիրող դժգոհությունների վերաբերյալ»,- այսօր, կենսաթոշակային բարեփոխումների իրավական խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

2852

Քննարկումը կազմակերպվել էր ընկերությունների առաջարկությամբ, դրան մասնակցում էին նաեւ փորձագետներ: Այն նպատակ ունի, ի վերջո, հստակ խորհրդատվություն տրամադրել կազմակերպությունների տնօրեններին և հաշվապահներին, քանի որ ներկայիս օրենսդրական խառնաշփոթի պարագայում գործատուները պարտադրված են հաշվարկել աշխատակցի համար կուտակային կենսաթոշակ և վերջինիս վերաբերյալ հաշվարկ ներկայացնել ՀՀ ԿԱ ՊԵԿ՝ համաձայն Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին ՀՀ օրենքի:

Միևնույն ժամանակ, թե´ քաղաքացիները, թե´ գործատուները նման օրենքի կիրառումը ՀՀ-ում օրինաչափ չեն համարում, ուստի նաև հրաժարվում են մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը կենսաթոշակային հատկացում իրականացնել:

Քննարկմանը մասնակցող ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք պայքարելու են մինչեւ վերջ, որ որպեսզի ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ օրենքը: Նա բերեց արդեն քանիցս բերված բոլոր իրավական այն հիմնավորումները, որոնք, ըստ պատգամավորի, փաստում են, որ այդ պահումները չպետք է արվեն պարտադիր: Բոլոր գործառույթները պետք է լինեն բացառապես կամավորության սկզբունքով: Նա հակաիրավական եւ հակաօրինական է համարում պետական կառույցների կողմից իրականացվող քաղաքականությունը:

Արծվիկ Մինասյանը մեկ անգամ եւս հստակեցրեց, որ որեւէ պարտադրանք կամ տույժ-տուգանք գործատուների կամ որեւէ աշխատողի վրա չի կարող լինել: Այս բոլոր հարցերի պատասխանները պատգամավորը կհստակեցնի նաեւ ՍԴ-ում:

Նա բոլոր գործատուներին եւ աշխատողներին կոչ արեց`չշտապել, քանի որ ոչ ոք չի կարող որեւէ պարտադրանք ներկայացնել: Պատգամավորն ասաց, որ իրենք թիմով պատրաստ են այս հարցերի ամրագրումներն անել նաեւ ՀՀ բոլոր ատյանների դատարաններում:

Ի դեպ, այսօր ՊԵԿ-ն իր պաշտոնական կայքէջում պարզաբանում  է տեղադրել, որում, մասնավորաբար, ասված է. «Բոլոր այն դեպքերում, երբ գործատուները (ֆիզիկական անձինք) չեն վճարի հաշվարկված պարտադիր կուտակային վճարները, ՀՀ Սահմանադրական դատարանի 24.01.2014թ. ՍԴԱՈ-3 աշխատակարգային որոշման համաձայն նրանց նկատմամբ հարկային մարմինների կողմից մինչև 28.03.2014թ. չեն հաշվարկվի տույժեր և չեն կիրառվի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցներ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31