ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի գնահատմամբ, Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերով աշխարհի նոր կարգերի գործընթաց է սկսվել:
«Ստեղծվում է երկբևեռ աշխարհ միաբևեռ աշխարհը, որը ներկայացված էր ԱՄՆ-ով ու փոքր եղբայր Եվրոպայով, հիմա երկբևեռ աշխարհ է ստեղծվում, վերականգնվում է ռուսական բևեռը՝ դրան գումարվելով չինական գործոնը: Եթե մինչեւ այս ԱՄՆ-ն ԵՄ-ի հետ կարողանում էին լուծել ցանկացած խնդիր, զորք մտցնել Իրաք, Լիբիա, փոխել ղեկավարություն, հրահրել քաղաքացիական պատերազմ, մասնատել Հարավսլավիան և այլն: Հայ ուկրաինական բարեկամությունը դարեր շարունակ է եղել և պատմություն ունի: Ուկրաինայի ժողովուրդը մեզ օգտակար եղավ երկրաշարժին, մենք նրանց Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունի ժամանակ: Նացիզմից ազատված Ուկրաինայում այսօր կան նացիստական ուժեր, որոնք փորձում են տիրանալ երկրին»,- «Փաստարկ» ակումբում ասաց պարոն Բաբուխանյանը:
Անդրադառնալով Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններին՝ պարոն Բաբուխանյանն ասաց. «Ղրիմի ժողովուրդը իրավունք ունի կողմնորոշվելու ինչպես ցանկացած ժողովուրդ, ինչպես արցախցիները, շոտլանդացիները, Օսեթիան, Աբխազիան, ինչպես ինքնորոշվել են մի քանի տասնյակ պետություններ: Ոչ մեկ ոչ մեկի չպետք է ստիպի ապրել մեկ այլ պետության մեջ: Շատ բնական է, որ երբ Ղրիմի ժողովուրդը ցանկություն հայտնեց անցկացնել հանրաքվե, ճնշումներ ու սպառնալիքներ եղան: Այս ամենի մեջ սադրիչ դեր ունեցան ԱՄՆ-ն ու ԵՄ-ն… հիմա ստացվեց՝ մի օլիգարխը գնաց, մյուսները՝ եկան: Սա պատժամիջոց էր ուկրաինացիների դեմ այն բանի համար, որ գնացին ՄՄ, ոչ թե՝ ՆԱՏՕ-ի սպասարկող կամ ԵՄ-ի վասալ մի տարածք: Եթե պրովոկացիաները ժամանակին կանխվեին, ապա ավելի քիչ կլինեին զոհերը, տուժածները, տնտեսական հետևանքները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ