Aravot.am-ի հարցին, թե բնակարանները կառուցելուց հետո նոր տրանսպորտային երթուղի կլինի,՞ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը շրջում էր Ծարավ-Աղբյուր հասցեում կառուցվող Ավան-3 համալիրում եւ ծանոթանում շինաշխատանքներին, ասաց, որ տրանսպորտի վարչությանն արդեն հանձնարարել է նոր երթուղագիծ բացելու ուղղությամբ աշխատանքներ տանել:
Պարոն Մարգարյանը նաեւ հայտնեց, որ համալիրը կունենա նորակառույց այգի, 230 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, որը շահագործման կհանձնվի 2015 թվականին: Նորակառույց թաղամասում դպրոց կլինի, թե չի լինի, դեռեւս պարզ չէ:
Քաղաքապետը նաեւ հայտնեց, որ այս պահին բանակցում են Բուսաբանական այգու տնօրինության հետ, այգու հետնամասից դուռ բացել, որպեսզի նորակառույց թաղամասի բնակիչները կարողանան այգում զբոսնել:
Բնակարանաշինությունն իրականացնում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հ/կ-ն: Ավան-3 համալիրը նախատեսված է բժիշկների, մանկավարժների, ժուռնալիստների եւ մարզիկների համար: Ըստ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի, բնակարանները պատրաստ կլինեն եւ շահագործման կհանձնվեն մայիս ամսվա կեսերից սկսված: Այս պահին շենքերում ընթանում են շինարարական աշխատանքներ: Շենքերի հիմնական մասում սալիկապատման աշխատանքները վերջացրած էին: Ավան-3 բնակելի համալիրում 5 մասնաշենք է` 338 բնակարանով: Շենքերը, պարոն Քարամյանի տեղեկացմամբ, մոնոլիտ-երկաթբետոնյա են, ունեն ստորգետնյա ավտոկայանատեղիներ, իսկ շենքերի առաջին հարկերն օգտագործվելու են հասարակական սպասարկման նպատակով: Նորակառույց շենքերի հարեւանությամբ գտնվող ներքին զորքերի զորամասը կտեղափոխվի Դավիթաշեն:
Կարդացեք նաև
Տարոն Մարգարյանը վստահեցրեց, որ բազմաբնակարան շենքերի տարածքը կբարեկարգվի, կկառուցվի մանկական խաղահրապարակ, կանաչապատ հանգստի գոտի, կանցկացվի արտաքին լուսավորություն:
Սոցիալական այս ծրագրերի ընդհանուր արժեքը 16,5 միլիարդ դրամ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ