ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա էր «Ի-վի Քոնսալթինգ» ընկերության եւ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից ներկայացված Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցին՝ «Աճի հրամայականը եւ խոչընդոտները» թեմայով: Զեկույցից հետո, վարչապետը, անդրադառնալով դրա ժամանակ նշված կետերին, որոնք հանդիսանում են Հայաստանի տնտեսության աճի հիմնական խոչընդոտները, ասաց, որ դրանք արժանի են ուշադրության:
Սակայն վարչապետն էլ, իր հերթին, առանձնացրեց 3 կետ, որոնք պետք է շտկել եւ ստանալ դրական արդյունք տնտեսական աճի մեջ:
Տիգրան Սարգսյանը առաջնահերթ խնդիրներից է համարում արդար մրցակցային դաշտի ստեղծումը. «Կառավարության համար սա համար 1 առաջնահերթությունն ունի: Կառավարությունը խնդիր էր դրել իր առջեւ պարզել, թե որն է այն չափանիշը, որ 5 տարիների ընթացքում կարձանագրենք հաջողություն: Եթե մենք կարողանանք այդ ոլորտում արձանագրել էական եւ շոշափելի առաջընթաց, ապա կարող ենք ասել, որ այս հինգ տարիների մեր հիմնական առաքելությունը իրականացրել ենք»:
Պրն Սարգսյանը նշեց, որ կառավարությունը կարեւորում է այս հանգամանքը, քանի որ հավասար մրցակցային դաշտը տնտեսության շարժիչն է:
Կարդացեք նաև
Տնտեսական աճի համար խոչընդոտ հանդիսացող երկրորդ հիմնական խնդիր վարչապետը նշեց ֆինանսական միջոցների արդյունավետ վերաբաշխումը. «Ֆինանսական միջոցների վերաբաշխման միջոցով պետք է լուծենք կարեւորագույն քաղաքական խնդիր՝ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման խնդիրը: Քաղաքացիական հասարակություն չի կարող ձեւավորվել առանց միջին խավի: Առանց միջին խավի չի կարելի ստեղծել դեմոկրատական հանրապետություն: Իսկ առանց դեմոկրատիայի՝ տնտեսությունը ապագա չունի»:
Երրորդ խնդիրն էլ վարչապետը համարում է հասարակության մեջ ինտելեկտուալ կարողությունների ձեւավորումը. «Մենք կարիք ունենք բարձր որակավորում ունեցող մասնագետների, որոնք ավելի մոբիլ են: Բարձր մրցակցային դաշտի դեպքում, երբ մասնագետները չեն կարողանում իրացնել իրենց գիտելիքները, ստիպված արտագաղթում են: Իսկ առանց այդ մասնագետների տնտեսական բարեփոխումներ էապես հնարավոր չի կատարել»:
Վարչապետի կարծիքով՝ առանց կառավարության աջակցության հնարավոր չէ դուրս գալ այս փակուղուց: «Կառավարությունն այլեւս իրավունք չունի ձեռքերը լվանալ եւ ասել, որ բիզնեսը ինքը պետք է կարողանա գտնել խնդիրների լուծումները»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ