Լրահոս
Օրվա լրահոսը

Զեկույց. շաքարի, հավի մսի, կարագի, էթիլային սպիրտի, ձեթի, բրինձի, ալյուրի եւ այլ ապրանքների ներմուծումը իրականացվում է միեւնույն բիզնես խմբի կողմից

Մարտ 04,2014 15:34

«Ի-վի Քոնսալթինգ» ընկերությունը եւ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը այսօր ներկայացնում էին Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցը՝ «Աճի հրամայականը եւ խոչընդոտները» թեմայով:

Զեկույցում նշված տվյալների համաձայն, տնտեսական աճի հիմնական խոչընդոտներից են հանդիսանում միկրոռիսկերի կառավարման թերացումները: Իսկ զեկույցի՝ միկրոտնտեսական գործարար միջավայրում առկա թերությունների հետ կապված ռիսկերը բավականին բարձր են: Միկրոռիսկերի կառավարման հարցում թերությունների են հանգեցնում  հարկային եւ մաքսային անբարեխիղճ վարչարարությունը, շուկայական անկատար մրցակցությունը, դատական համակարգի ոչ բավարար անկախությունը եւ փոքրամասնային բաժնետերերի իրավունքների պաշտպանվածության ցածր մակարդակը:

Արտահանման ծավալների մասին զեկույցում նշվում է, որ արտահանումը Հայաստանում վերելք է ապրել 2009-2013 թվականներին, սակայն այն զգալիորեն ցածր է ներմուծումից, որն էլ առաջացնում է երկրի ընթացիկ հաշվի պակասորդ: Արտահանումը բնութագրվում է կատարելագործվածության ցածր աստիճանով, ցածր դիվերսիֆիկացիայով, եզակիության անբավարար մակարդակով եւ աճի սահմանափակ հնարավորություններով:

Որոշակի լայն սպառման ապրանքների ներմուծման արդյունքում շուկայական ուժը ստեղծում է հզոր բիզնես խմբեր, որոնք գործում են տարբեր ոլորտներում՝ գտնվելով մեկ անձի հովանու ներքո: Զեկույցում, օրինակ` նշված է, որ շաքարի, հավի մսի, կարագի, էթիլային սպիրտի, ձեթի, բրինձի, ալյուրի եւ այլ ապրանքների ներմուծումը իրականացվում է միեւնույն բիզնես խմբի կողմից: Զեկույցի համաձայն, այս բիզնես խմբերը Հայաստանի տնտեսության բարգավաճող հատվածն են, ինչը թույլ է տալիս շրջանցել տնտեսական սահմանափակումները:

Զեկույցում ներկայացված են 4 հիմնական սահմանափակումների տեսակներ, որոնք էլ խոչընդոտում են Հայաստանի կայուն տնտեսական աճին: Դրանք են՝

  1. Մարդկային կապիտալի ցածր որակը. Քանակական առումով Հայաստանը կրթված մարդկանց պակաս չունի: Աշխատուժի հետ կապված խնդիրներն արմատապես կապված են որակի հետ: Տնտեսության կողմից պահանջվող եւ ներկայիս կրթական համակարգի կողմից փաստացի առաջարկվող աշխատուժի որակների միջեւ էական ճեղքվածք կա:
  2. Անկատար մրցակցային միջավայր. Անարդար մրցակցային դաշտը եւ ստվերային տնտեսությունը ստեղծում են անբարենպաստ ազդեցություններ և՛ ընկերությունների , և՛ երկրի մակարդակով: Մրցակցային դաշտի առողջացումն ու բոլոր ընկերությունների համար հավասար դաշտի ստեղծումը կխթանեն Հայաստանում ձեռներեցության զարգացմանը:
  3. Հնարավորությունների բացահայտման պակաս. Հայաստանի տնտեսական աճի հեռանկարներն անխուսափելիորեն կապված են արտահանման հետ: Արտահանման եւ ներդրումների ներկա կառուցվածքը չեն նպաստում արտահանման նոր հնարավորությունների բացահայտմանը եւ նորարարությունների խթանմանը:
  4. Միաչափ ֆինանսական համակարգ. Աճի հիմնական խոչընդոտը ֆինանսական համակարգի միակողմանիությունն է: Այն թույլ չի տալիս ունենալ տնտեսության տարբեր հատվածների կարիքներին հարմարեցված բազմատեսակ գործիքներ: Տնտեսության աճը սպասարկելու համար անհրաժեշտ է ունենալ արդյունավետ եւ դիվերսիֆիկացված ֆինանսական համակարգ:

 

 Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31