Ֆրանսիացի հայտնի ակորդեոնահար Ռիշար Գալիանոն Հայաստանում է: Մարտի 5-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Ռիշար Գալիանոյի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի «Տարվա եղանակները» խորագիրը կրող համերգը: Համերգի նախօրեին Mezzo ակումբում տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված համատեղ համերգին:
Համերգային ծրագրում կատարվելու է Վիվալդիի և Պիացոլայի ստեղծագործությունների համադրություն.Վիվալդիի «Տարվա եղանակները» և Պիացոլլայի որոշ ստեղծագործություններ: Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի խոսքերով, իրենք ցանկացել են համադրել ստեղծագործությունները. «Ինչպես գիտեք, Պիացոլան գրել է «Տարվա եղանակները»՝ փոփոխելով Վիվալդիինը, ցանկացել է ստեղծել իրենը: Ծրագիրը կառուցված է այնպես, որ հնչեն և՛ դասական երաժշտություն և՛ ժամանակակից»:
Արդեն քանի տարի է՝ նվագախումբը համագործակցում է Գալիանոյի հետ: Անցյալ տարի Ֆրանսիայի Պարկ Ֆլորա այգում Արամ Խաչատրյանի 110 ամյակին նվիրված համերգին ներկայացել է նաև պետական կամերային նվագախումբը: Ձևավորվել են ընկերական հարաբերություններ: «Մենք մեզ բեմի վրա լավ ենք զգում և դա շատ կարևոր է, նույնիսկ շատ քիչ փորձով, կարողանում ենք լեզու գտնել, կես խոսքից հասկանում ենք իրար»,- ասաց գլխավոր դիրիժորը:
Ինչպես բոլոր ակորդեոնահարները` Գալիանոն նույնպես նվագել է Ա. Խաչատրյանի սուսերով պարը: Ակորդեոնահարը նաև նշեց, որ նվագել է իր շատ սիրելի Կոմիտասի ստեղծագործությունները: «Կարծում եմ, որ Կոմիտասի գործերի շուրջ կարելի է մի ծրագիր ստեղծել, այս դեպքում հույսս դնում եմ Վահան Մարտիրոսյանի վրա: Ես վստահ եմ, որ շատ կսիրեմ ստացված երաժշտությունը, որովհետև այն համընկնում է խառնվածքիս»:
Կարդացեք նաև
Ռիշար Գալիանոն մոտ 25 տարի առաջ համագործակցել է նաև ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի հետ: Նույնիսկ Ազնավուրի համար մի երգ է ստեղծել, որը կոչվում է «Vivre pour toi» (Ապրել քեզ համար), և կա ձայնասկավառակ, որը ձայնագրել են ֆրանսիացի ջազ նվագողները, կոչվել է «Ջազ Նավուր»:
Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ