ՀՀ աշխատանքի տեսչությունն ու առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը միավորվելուց հետո, մեկ տեսչությունը` Առողջապահական պետական տեսչությունը կիրականացնի երկուսի գործառույթները: Նոր գործառույթներով նոր տեսչությունը, ըստ Առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանի, կբարձրացնի աշխատանքների արդյունավետությունը: Մասնավորապես` նոր գործառույթները վերաբերում են բժշկական օգնությանը, օգնության սպասարկմանը, պետական նորմերի եւ ուղեցույցների վերահսկողությանը, չափանիշների վերահսկողությանը, դեղերի եւ դեղագործության ոլորտին: Նախկին գործառույթներով երկու տեսչություններն առանձին-առանձին զբաղվում էին բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության եւ հանրապետության տարածքում համաճարակային հսկողությամբ, վերահսկում էին, որպեսզի աշխատավայրերում լինեն առողջ եւ անվտանգ պայմաններ եւ այլն:
Արտակ Սահակյանն այսօր նախարարությունում ներկայացրեց նորաստեղծ կառույցի առջեւ դրված խնդիրներն ու գործառույթները: Պարոն Սահակյանը վստահեցրեց, որ տեսչություններն օպտիմալացնելուց հետո կբացառի միեւնույն հարցի վերաբերյալ, միեւնույն տնտեսվարող սուբյեկտի մոտ մի քանի տեսչությունների ստուգումը:
Առողջապահական պետական տեսչության կառավարումն իրականացվում է կառավարման խորհրդի կողմից, որտեղ ընդգրկված են ՀՀ առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարները, արդարադատության նախարարի տեղակալը, էկոնոմիկայի նախարարության տեսչության բարեփոխումների խմբի ղեկավարը, ինչպես նաեւ երկու հասարակական կազմակերպության ղեկավարներ: Կառավարման խորհրդին կից գործում է բողոքարկման հանձնաժողով, որին քաղաքացիները կարող են ներկայացնել տեսչության կողմից իրականացվող աշխատանքների եւ աշխատակիցների հետ կապված բողոքները:
«Արդեն ներկայացված է տարեկան ստուգումների պլանը, որով առաջնորդվում ենք, ունենում` բազմաթիվ դիմում բողոքներ: Վերակազմակերպումից հետո իրականացվել են ընդհանուր թվով 83 վարչական վարույթ, որից 18-ը կարճվել է, տրվել է 20 պարտադիր կատարման հանձնարարական` հօգուտ դիմումատուի` չվճարված աշխատավարձ, վերջնահաշվարկ վճարելու վերաբերյալ, նշանակվել է 6 վարչական տույժ` ընդհանուր առմամբ 290 հազար` 3 ամսվա ընթացքում: Ընթացքի մեջ է եւս 33 վարչական վարույթ»,- ասաց պարոն Սահակյանը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ