Լրահոս
Օրվա լրահոսը

Թևան Պողոսյան. «ՌԴ-ն դիտորդի կարգավիճակում չպետք է լինի»

Մարտ 04,2014 15:03

«Վատ է, երբ երկրի ղեկավարը իր տեղում չէ, կոռումպացված է, բայց փոփոխությունները պետք է օրինական ճանապարհով կատարվեն»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Նա երկու օր առաջ է վերադարձել Ուկրաինայից և խոսեց իր տպավորությունների մասին. «Ուկրաինացի ժողովուրդը առանձնապես խուճապի չի մատնվում: Մայդանից ընդամենը երկու կանգառ այն կողմ ժողովուրդը շատ հանգիստ ապրում է: Երևի թե մեր բնազդն այլ է: Մեզ համար տասը հոգին շատ մեծ զոհ էր, տարիներ շարունակ խոսում ենք այդ մասին, բայց առանձնապես նման մտահոգություններ չտեսա: Սա հեղափոխությունը իրենց շատ հետ է մղելու: Հեղափոխության այն վսեմ գաղափարը այնտեղ չկա, նրանք այստեղից- այնտեղից գումար ուզելու խնդիր ունեն»:

Տիկին Աճեմյանի կարծիքով՝ Ուկրաինայում տեղի ունեցող բոլոր այդ գործընթացները մյուս երկրների համար դաս պիտի լինեն, որ «սահմանադրությունը տրորելով հեղափոխություն իրականացնելն անընդունելի է այն վայրում, որտեղ դու ապրում ես»:

Կարինե Աճեմյանի կարծիքով՝ ՌԴ-ն «դիտորդի կարգավիճակում չպետք է լինի, Ուկրաինայի ռուսալեզու բնակչությունն իրեն պետք է ապահով զգա»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով՝ ուկրաինական զարգացումների դասերից մեկն էլ այն է, որ «չի կարելի հաշվի չառնել փոքր խմբերի մտահոգությունները, ի վերջո գուցե Մայդանը տեղափոխվի այլ երկիր»: Իսկ ընդդիմության համար, ըստ Թևան Պողոսյանի, դասն այն է, որ «պետք է այլընտրանքային օրակարգ ձևավորել, քանի որ այսօրվա դրությամբ դժվար են կարողանում կողմնորոշվել, թե որը պետք է լինի հաջորդ քայլը»:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 1-ի հանրահավաքին հնչեցրած դիտարկումներին և հնարավոր համախմբումներին՝ տիկին Աճեմյանն ասաց. «Առաջին նախագահի խոսքում նաև դրական շեշտադրումներ տեսա, քանի որ նա բացառեց որևէ գործողություն ՀԱԿ-ի կողմից, որը կվտանգի երկիրը: Սա հատկապես այն պարագայում, երբ հաշվի առնելով այն, որ իրենք բացասական և ծայրահեղական երանգավորումով են հանդես եկել, ուստի դա արդեն լավ է»:

Պարոն Պողոսյանը հավանական համախմբման մասին խոսելով՝ նշեց, թե հնարավոր է դա լինի Րաֆֆի Հովհաննիսյանի, ՀԱԿ-ի, Գագիկ Ծառուկյանի շուրջ: Մեր այն հարցին՝ հնարավո՞ր է դա լինի Ռոբերտ Քոչարյանի շուրջ, պարոն Պողոսյանը հարցը շրջանցեց ու ասաց, թե «չգիտեմ՝ վաղը մյուս օրը ինչ կլինի»:

Կարինե Աճեմյանը հակառակ կարծիքը հայտնեց. «Համարում եմ, որ այս ուժերի համախմբում կլինի երկրորդ նախագահի շուրջ: Նրա գործողությունները խոսում են այն մասին, որ նա ինչ-որ ձևով հայտ է ներկայացնում հետագա քաղաքական գործընթացներին մասնակցելու մեջ»:

Մյուս հարցին՝ մարտի մեկի մեղադրանքները չե՞ն խանգարի Ռոբերտ Քոչարյանին: Կարինե Աճեմյանը հակադարձեց. «Հարց է՝ այդ մեղադրանքները հիմքեր ունեն, թե՝ ոչ»: Պարոն Պողոսյանն էլ, թե՝ եթե լիներ մարտի մեկի հանձնաժողովը, այդ բոլոր հարցերի պատասխանը կտրվեր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31