Անցյալ տարվա նոյեմբերի 15-ին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը որպես ռեկտոր ընտրեց ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանին:
Նշենք, որ ակադեմիան որպես ՊՈԱԿ գրանցվել է 2013 թվականին: Ակադեմիայի նպատակն է` որակավորման ստուգման արդյունքներով դատավորների եւ դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մեջ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձեւավորումը, վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, կրթական ծրագրերի իրականացումը եւ այլն:
Ռուբեն Մելիքյանի խոսքով` այս ընթացքում ակադեմիան երկու կարեւոր բան է արել` «Առաջինը դա այն է, որ ձեւավորվել է թիմ, ներգրավելով որակյալ մասնագետներ, եւ երկրորդ` իրականացվում է հեռավար ուսուցում, որը ոչ մի կապ չունի հեռակա ուսուցման հետ: Սա հեռակա ուսուցման հականիշն է»:
Մանրամասնելով հեռավար ուսուցման ձեւը՝ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ այդ տեսակ ուսուցումն իրականացվում է ժամանակակից տեխնոլոգիաների` ինտերնետի միջոցով: «Փորձել ենք հնարավոր բոլոր լավագույն մասնագետներին ընդգրկել, եւ ես գոհ եմ այս աշխատանքից, որ կարողացել ենք մինչ այսօր անել: Երեկ ուսուցման ծրագրի հաստատում ենք ունեցել, նախատեսված յոթ թիրախային խմբերի համար: Մենք կսկսենք մարտի 17-ից ու վստահ եմ, որ կկարողանանք ցույց տալ նաեւ մեր աշխատանքի թափանցիկությունը»,- ավելացրեց Ռուբեն Մելիքյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ