Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր «սառը պատերա՞զմ»

Մարտ 04,2014 14:45

«Ուկրաինայում ստեղծված վիճակը
Եվրոպայում 21-րդ դարի ամենավտանգավոր ճգնաժամն է»

Սոչիի Օլիմպիադիայի ավարտից օրեր անց, գարնան առաջին օրը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխարհի առջեւ հանդես եկավ արդեն բաց խաղաքարտերով:

Մարտի 1-ին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, իրավունք տվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անհրաժեշտության դեպքում զորք մտցնել Ուկրաինա: Սա ընդամենը պաշտոնական գործողություն էր: Մի քանի օր է, ինչ չեն դադարում տեղեկությունները, թե ռուսական զորքերը Ղրիմում տեղակայված իրենց ռազմաբազաներից գրավում են վարչական կենտրոնները, ուկրաինական զինված ուժերի ռազմակայանները, օդանավակայանները: Ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում ռուս-ուկրաինական դիմակայությունն է:

Այն բանից հետո, երբ Դաշնային խորհուրդը թույլատրեց Ռուսաստանի զինուժը կիրառել Ուկրաինայի տարածքում, երկու երկրները պատերազմի շեմին են հայտնվել: Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ միջազգային հանրության արձագանքն իր կոշտությամբ ու սրությամբ նույնպես աննախադեպ է: Կարծես Արեւմուտքն էլ, վերջապես, գիտակցեց, թե «ում հետ գործ ունի», եւ ինչով կարող են ավարտվել նախկին ԽՍՀՄ երկրների «եվրաինտեգրացիա» ծրագրերը:

Մեծ ութնյակի երկրներից յոթը հայտարարել են, որ չեն մասնակցելու այս տարվա հունիսին Սոչիում նախատեսված միջազգային գագաթնաժողովին։ Արեւմուտքը արձանագրում է, որ դիմում է այդ քայլին ի պատասխան Ուկրաինա ռուսաստանյան ռազմական ներխուժման։ Սպիտակ տունը ԱՄՆ-ի, Եվրոպական խորհրդի եւ Եվրահանձնաժողովի անունից հրապարակեց Մոսկվայի գործողությունները դատապարտող հայտարարություն, որում Ռուսաստանի քայլերը որակվում են որպես «Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ակնհայտ ոտնահարում»։ Արեւմուտքը նաեւ վստահեցնում է, որ կաջակցի Ուկրաինային Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ֆինանսական օգնություն ստանալու հարցի շուրջ բանակցություններում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը սենատորներից Ուկրաինա զորքեր ներս մտցնելու համար Վլադիմիր Պուտինի ստացած թույլտվությունը գնահատեց որպես ողջ Եվրոպայում խաղաղության սպառնալիք: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ «Ուկրաինայում ստեղծված վիճակը Եվրոպայում 21-րդ դարի ամենավտանգավոր ճգնաժամն է»։

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի գործողություններն անվանեց «բացահայտ ագրեսիա»` նախազգուշացնելով։ Պաշտոնական Մոսկվայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների թվում նշվում են մուտքի վիզաների մերժումը, Ռուսաստանի հաշվեհամարների սառեցումը, ներդրումային տուգանքները, զենքի էմբարգոն։ Այսօր ակնկալվում է, որ Քերին կժամանի Կիեւ` հայտնելու ԱՄՆ աջակցությունը Ուկրաինայի ղեկավարությանը։

Երեկ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը կարող է դադարեցնել Ռուսաստանի հետ առանց վիզաների ռեժիմի ընդունման վերաբերյալ բանակցությունները Մոսկվայի կողմից Ուկրաինայի տարածքում ռազմական օպերացիա սկսելու դեպքում:
Ինչ վերաբերում է պաշտոնական Մոսկվայի պահվածքին, քաղաքակիրթ աշխարհին փորձ են անում ապացուցել սեփական քայլերի արդարացիությունը` զուգահեռաբար տեղեկատվական պատերազմով: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե տեղեկություններ են ստանում այն մասին, որ Ուկրաինայի տարածքում գտնվող ռուսական Սեւծովյան նավատորմի դեմ սադրանքներ են նախապատրաստվում: Մոսկվան էլ կոչ է անում արեւմտյան գործընկերներին Ռուսաստանին պատժամիջոցներով չսպառնալ: «Նրանք, ովքեր փորձում են այս իրավիճակը ներկայացնել որպես ագրեսիա եւ սպառնում են բոլոր հնարավոր պատժամիջոցներով ու բոյկոտներով, նույն մեր գործընկերներն են, որոնք հետեւողականորեն քաջալերում էին իրենց մոտ կանգնած քաղաքական ուժերին երկխոսությունից հրաժարվելու եւ վերջնագրեր ներկայացնելու, Ուկրաինայի արեւելքի եւ հարավի հետ կապված մտահոգություններն անտեսելու հարցում»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ դրա արդյունքը Ուկրաինայի հասարակության բեւեռացումն է: Երեկվանից, սակայն, Արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների հնարավորությամբ մտահոգված ռուսաստանցիները շտապել են ազատվել տեղական ընկերությունների արժեթղթերից, ինչի արդյունքում Ռուսաստանում արժեթղթերի գները եւ երկրի արժույթը խիստ անկում են արձանագրել:

Երեկ տեղեկություն ստացվեց այն մասին, թե ՌԴ Պետդումայում գրանցել են Ղրիմն անեքսիայի ենթարկելու մասին օրինագիծ: Օրինագծով նախատեսվում է օտար երկրի օրենսդրությանը համապատասխան՝ այդ օտար երկրի տվյալ հատվածում հանրաքվեի անցկացման արդյունքներով սուբյեկտի ընդունում Ռուսաստանի կազմ: Այդ դեպքում նոր սուբյեկտին Ռուսաստանի կազմում տրվում է հանրապետության, երկրամասի, մարզի, ինքնավար մարզի կամ ինքնավար օկրուգի կարգավիճակ: Հատկանշական է, որ բացատրագրում հստակ հիշատակվում է հենց Ղրիմը: Ռուսաստանի տարածքին միանալու համար, փաստորեն, Մոսկվան կոնկրետ քայլեր է իրականացնում` հող նախապատրաստելով իրավաբանորեն օրինականացնելու սկսած գործը:

Մինչ այդ, կարծես, Մոսկվան վարում է նաեւ նահանջի քաղաքականություն: Նախ` մի քանի պաշտոնյաներ, ապա Ռուսաստանի նախագահին կից Մարդու իրավունքների եւ քաղաքացիական հասարակության զարգացման խորհուրդը կոչ արեցին Ուկրաինայում ռուսական զինուժ չկիրառել եւ խնդիրները լուծել երկխոսությամբ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31