Լրահոս
Օրվա լրահոսը

Ձուկը

Մարտ 04,2014 14:25

Իսկ գիտե՞ք արդյոք, որ Ալիսայի զարմանահրաշ արկածների մասին գրված ստեղծագործություններից բացի, Լյուիս Քերոլը նաեւ փիլիսոփայական մի պոեմ ունի, որը կոչվում է «Սնարքի որսը»: Մի խումբ որսորդներ գնում են Սնարքին բռնելու, բայց խնդիրն այն է, որ ոչ ոք չգիտի, թե ինչ է իրենից ներկայացնում այդ Սնարքը, ինչպիսի տեսք ունի, եւ ինչպես են նրան բռնում: Այն պարզ պատճառով, որ նրան շատերն են փորձել բռնել, բայց երբեք որեւէ մեկը չի տեսել, որովհետեւ նրան տեսնողն անմիջապես անհետանում է:
Հայաստանյան իրականության մեջ այդ անորսալի Սնարքի դերն է կատարում Ձուկը: Հանրության լայն շրջանակները տեղյակ են, որ Ձուկը գլխից է հոտում: Կարելի է ենթադրել, որ ղեկավարությունն էլ քաջատեղյակ է այդ Ձկան մասին, որովհետեւ ամենաբարձր մակարդակով մասնագիտական ցուցում է հնչել՝ «Ձուկը պետք է գլխից բռնել»: Այսինքն, ի տարբերություն Սնարքի որսորդների, մեր հայաստանյան Ձկան որսկանները գոնե տեղյակ են Ձուկը բռնելու ամենաարդյունավետ տեխնոլոգիային:

Ճիշտ է, մի շատ էական տարբերություն էլ կա՝ եթե Սնարքին տեսնողներն անմիջապես անհետանում էին, ապա Հայաստանում այդ Ձկանը տեսնողներն անմիջապես դառնում են իշխանական եւ խորհրդարան են մտնում նրա կուսակցական ցուցակով: Համաձայնեք՝ այդտեղ որեւէ տարօրինակ բան չկա, քանզի մեզ՝ հայաստանցիներիս համար, ձուկ եւ իշխան հասկացություններն անբաժանելի են:

Բայց նրանք, ովքեր մնում են ոչ ԻՇԽԱՆական, շարունակում են ղեկավարի խորհրդով փորձել բռնել Ձկան գլուխը: Ժողովուրդը շատ մեծ հետաքրքրությամբ հետեւում է որսի գործընթացին՝ ժամանակ առ ժամանակ հավաքվելով Ազատության հրապարակում եւ պատրաստակամություն հայտնելով ամեն կերպ աջակցել ձկնորսներին: Աջակցողների շարքերն այնքան էլ կուռ չեն՝ ոմանք Ձկանից վախենում են, ոմանք վախենում են, որ առանց Ձկան ավելի վատ կլինի, ոմանք էլ պարզապես չեն սիրում ձուկ բռնել: Հեռուստատեսային սերիալներ են սիրում կամ՝ Հենրիխ Մխիթարյանի խաղը: Ու Ձուկն Ազատության հրապարակում հավաքվածների ոտքերի արանքով միշտ փախչում է:

Երբ հերթական անգամ փախչում է, բոլորի հայացքներն ուղղվում են ոչ իշխանական ձկնորսներին՝ «Բա հիմա ի՞նչ անենք»: Ու սովորաբար հնչում է բոլորիս քաջ ծանոթ, բոլորիս սրտին հարազատ, բոլոր ժամանակների անենահուսադրող հայկական ժողովրդական պատասխանը՝ «Մի բան կանենք»…

Ասեք ինձ՝ կա՞, արդյոք, մեր մոլորակի վրա գեթ մի հայ, որը չի հասկանում, թե ինչ է նշանակում այդ բազմանշանակ «մի բան կանենք»-ը: Ո՞ր մեկս չի հայտնվել անելանելի վիճակում ու չի հնչեցրել այդ փրկարար ու ամոքիչ «մի բան կանենք»-ը: Թե՛ ասողները, թե՛ լսողները շատ լավ հասկանում են, որ մեր սիրելի այդ արտահայտությունը հնչեցնում ենք բոլոր այն դեպքերում, երբ չգիտենք, թե ինչ անել: Երբ շատ լավ գիտակցում ենք, որ կա երկու ճանապարհ՝ կամ թիք-մռութ ջարդել, ինչը պատժվում է Քրեական օրենսգրքի այսինչ հոդվածի այսինչ մասով, կամ ընթանալ սահմանադրական ճանապարհով, որը լիովին վերահսկվում է անորսալի Ձկան կողմից:

Գալիս է ապատիան: Ու դրան զուգահեռ՝ «Ձուկը գլխից է հոտում» եւ «Մի բան կանենք» արտահայտություններին փոխարինելու է գալիս մեկ այլ՝ ոչ պակաս բազմաբովանդակ ժողովրդական դրույթ՝ «Սրանք բոլորը նույնն են»:
Թող որեւէ մեկն ասի, որ իրեն ծանոթ չէ այս իրադրությունը՝ նորմալ վիճում ես՝ լինի դա Ազատության հրապարակո՞ւմ, թե՞ Ֆեյսբուքում, շարադրում ես քո փաստարկները, հանկարծ մեջ է ընկնում ինչ-որ մեկը՝ այդ «Սրանք բոլորը նույնն են»-ը որպես դրոշ բռնած… Ու վերջ՝ կա՛մ պիտի ընկնես շատ բարդ մասնագիտական բացատրությունների մեջ՝ նախապես իմանալով, որ դրանք ոչ մի ազդեցություն չեն գործի, կա՛մ պարզապես շրջվես ու գնաս…

Բայց մի րոպե, այդ ո՞ւր եք գնում… Եթե փաստարկներ ունեք, իրոք բացատրեք ինձ՝ ինչո՞ւ ես իրավունք չունեմ օգտագործելու այդ հանրահայտ արտահայտությունը՝ «Բոլորը նույնն են»: Չէ, չէ, խոսքն այն մասին չէ, որ երբ ցույց են տալիս Յանուկովիչի ապարանքները, միանգամից էլ հայտնվում են ընդդիմադիր գործիչների դղյակների լուսանկարները: Ախր շատ լավ հիշում եմ՝ չորս տարի մենք բանակցում էինք Եվրոպայի հետ ասոցացվելու վերաբերյալ, այդ ընթացքում Ազատության հրապարակում բազմաթիվ ու բազմատեսակ ընդդիմադիր հանրահավաքների մասնակցեցի՝ մի անգամ չլսեցի, որ գոնե մեկն ասի՝ սա աղետաբեր ճանապարհ է, տանում է դեպի կործանում, Պուտինը թույլ չի տա, կանի մեզ հետ նույնը, ինչ հիմա խեղճ ուկրաինացիների հետ է անում, ծնկի կբերի մեզ, Ղարաբաղը կկորցնենք… Չգիտեմ, միգուցե ես բաց եմ թողել, եթե դուք լսել եք՝ ուղղեք ինձ: Համենայնդեպս ես հիշում եմ, որ բոլորն ասում էին՝ շատ ճիշտ ճանապարհ ենք ընտրել, եվրոպական արժեքներ…

Մի քանի օր առաջ էլի սովորության համաձայն գնացի Ազատության հրապարակ… Լսում եմ՝ պարզ է, որ եվրոպական ճանապարհն անհեռանկար է, մեր ապագան Մաքսայինի հետ է կապված: Այո, հիմա արդեն ինձ շատ դժվար է որեւէ բանով զարմացնել, բայց գոնե մի հարց կարելի՞ է տալ՝ ախր 4 տարի կար, մի ամբողջ ՉՈՐՍ ՏԱՐԻ, ինչո՞ւ որեւէ մեկն այն ժամանակ չասաց՝ «Կործանման ճանապարհով ենք գնում, ընկերնե՛ր»: Կարո՞ղ եք բացատրել՝ իրոք, ինչո՞ւ ենք մենք բոլորս այդքան նույնը…

Մինչ դուք կպատասխանեք, թույլ տվեք ուղղել ձեզ վերջին եւ մեր ժողովրդի երեւի թե ամենասիրած հարցը, որն ինձ տալիս են բառացիորեն ամեն օր՝ շուկայում, մետրոյում, փողոցում, մի անգամ նույնիսկ՝ «Երեւանմոլ» առեւտրի նորաբաց կենտրոնի պիցցայանոցում՝ «Բա վերջը ի՞նչ է լինելու»… Պատկերացնո՞ւմ եք՝ սուպերմարկետը նոր է բացվել, իսկ մարդիկ արդեն հետաքրքրվում են վերջի մասին:

Ախր, այս հարցի վրա դարեր, հազարամյակներ շարունակ տանջվել ու գլուխ են կոտրել աշխարհի լավագույն մտածողները, բազմաթիվ ու բազմապիսի տեսություններ կան…
Երեւի ընդամենը մի բան կարելի է ասել՝ եթե բոլորս միասին հավաքվում ու գնում ենք Սնարքին բռնելու, բայց այնքան նոսր ենք, որ Ձուկն անընդհատ մեր ոտքերի արանքից դուրս է պրծնում, ինչից հետո փաստում ենք, որ բոլորը նույնն են, բայց միեւնույն ժամանակ, չգիտես ինչու՝ համոզված ենք, որ, այնուամենայնիվ, մի բան կանենք, կներեք, ի՞նչ եք կարծում՝ մեր վերջը ի՞նչ է լինելու…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Հոդվածի վերջնամասում գրված “մեր վերջը ինչ՞ է լինելու” հարցի վերաբերյալ հիշեցնեմ մի անեկդոտ:
    1945թ. գարնանը, երբ գերմանական զորքերն անընդհատ նահանջում էին, Հիտլերը հաճախ էր առանձնանում իր աշխատասենյակում և անհանգիստ քայլում ետ ու առաջ: Մի անգամ նա կանգնում է իր նկարի առաջ ու հարցնում.
    – Մեր վերջը ինչ՞ է լինելու:
    Նկարը պատասխանում է.
    – Եթե այսպես շարունակվի, երևի մենք տեղերով կփոխվենք:
    – Ինչպե՞ս թե` տեղերով կփոխվենք-, զարմանում է ֆյուրերը:
    – Շատ պարզ, ինձ կգցեն հատակին, իսկ քեզ կկախեն-, պատասխանում է նկարը:

    Հարգելի Արմեն Դուլյան, եթե հայերս մեր երկրի տերը դառնալու փոխարեն, կանգնենք Հայաստանի քարտեզի առաջ ու հարցնենք “Մեր վերջը ինչ՞ է լինելու”, կարծում եմ, որ քարտեզը նույն կերպ կպատասխանի. “Եթե այսպես շարունակվի, երևի մենք տեղերով կփոխվենք”:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31